ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն առաջարկում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում մի կարևոր ավանդույթի հիմք դնել:
«Կարծում եմ՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պետք է հիմք դրվի մի կարևոր ավանդույթի, որը հետագայում պետք է ամրագրվի նաև օրենսդրությամբ։
Բանավեճ ուղիղ եթերում՝ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ»,-գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում:
Իսկ ինչու պարոն Փաշինյանն այս կարևոր ավանդույթի մասին չէր մտածում Երևանի ավագանու ընտրություններից առաջ, պարզ չէ: Եթե հաշվի առնենք այն, որ այդ ընտրությունները նոր իշխանությունների առաջին խոշոր ընտրություններն էին` կարելի է ենթադրել, որ ավանդույթին պետք է հիմք դրվեր հենց դրանցից առաջ:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններից առաջ Փաշինյանի թեկնածուն` Հայկ Մարությանը, հրաժարվեց առանձին բանավեճերից: Հանուն արդարության, պետք է ասել, որ Մարությանը ոչ մեկ անգամ հայտարարեց բանավիճելու պատրաստակամության մասին, սակայն ոչ առանձին, այլ բոլորի հետ միասին: Այն ի վերջո տեղի ունեցավ, սակայն ոչ ուղիղ եթերում: