Հայաստան Քաղաքական Բարի օր 

Քաղաքական դաշտում չպետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները միանշանակ հեղափոխության և երկրում տեղի ունեցած փոփոխությունների կողմնակից են: Այսօր ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին հուշագիր ստորագրելուց հետո հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ երկու կուսակցություններն էլ իրենց գործունեության ընթացքում պայքարել են գործող ռեժիմի դեմ, ունեցել են քաղբանտարկյալ ընկերներ. «Բարեբախտաբար վերջում եղավ հեղափոխությունը»:

Սարգսյանը, խոսելով «Մենք» դաշինքի ստեղծման մասին, հայտարարեց, որ իրենց կարծիքով հեղափոխությունն իր վերջնական հաղթանակին կհասնի, եթե տեղի ունենան փոփոխություններ նաև արտաքին քաղաքական կյանքում. «Այս ասպարեզում ՀՀ-ն, մեր համոզմամբ, իր քաղաքակնությունը պետք է դիվերսիֆիկացնի»:

Սարգսյանի խոսքերով, դժբախտաբար վերջին 6 ամիսների ընթացքում ոլորտում եղան թերացումներ և իրենք հակված են այդ բացը լրացնելուն. «Մենք արևմտյան արժեքների, արևմտյան ժողովրդավարության կողմնակից ենք: Նման մոդելի պետություն ձևավորելու կողմնակից ենք: Սա չի նշանակում, որ մենք հակառուսական ուժ ենք: Մենք ուղղակի գտնում  ենք, որ Հայաստանի վրա բանեցվող ազդեցությունը թե ՀԱՊԿ-ի, թե ԵԱՏՄ-ի շրջանակներում չափից ավելի մեծ են: Մեզ անհրաժեշտ է այլընտրանք»:

«Մենք» դաշինքի ստեղծման երկրորդ պատճառը, Սարգսյանի խոսքերով, քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներին մասնակցելն է. «Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, սակայն նա էլ է ասում, որ հեղափոխությունն արել է ժողովուրդը՝ Փաշինյանի գլխավորությամբ: Դա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում պետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները և ՔՊ-ն: Բնականաբար մենք հասկանում ենք, որ նրանք են լինելու մեծամասնությունը խորհրդարանում: Սակայն հեղափոխությունը զրոյական արժեք կունենա, եթե դաշտում լինի միայն Քաղաքացիական պայմանագիրը: Ներքաղաքական դաշտի դիվերսիֆիկացումն օգտակար է բոլորին: Մենք չենք սպասելու գործող իշխանությունների սխալներին, մենք լինելու ենք ուժը, որը հնարավորինս անելու ամեն ինչ իշխանություններին սխալներից զերծ պահելու համար»,-ասաց ԵԼՔ խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ իր համար իրենց կարգախոսն է «Ես ու դու մենք ենք»:

Նույն շարքից