1991 թվականից հետո մեր քաղաքացիներն առաջին անգամ հնարավորություն ունեն իրացնելու իրենց ընտրական իրավունքը: Այսօր` նոյեմբերի 10-ին «Հանրապետություն» կուսակցության հետ հուշագիր ստորագրելուց հետո հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Կուսակցություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Մենք» դաշինքով:
Խոսելով երկու կուսակցությունների միավորման պատճառների մասին` Քոքոբելյանն ասաց, որ միասին հնարավոր է անել ավելին. «Արամ Սարգսյանը երբևիցե չի դավաճանել իր սկզբունքները, չի ընկրկել պայքարից: Նույնը մեր կուսակցության մասին կարելի է ասել: Մեր շարքերում կան և փորձառու գործիչներ, և խելացի երիտասարդներ, որոնք երբեք չեն դավաճանել իրենց սկզբունքներին: Մենք միշտ պայքարել ենք կեղծ համակարգի դեմ, հավատացել ենք մեր պայքարին և հավատարիմ ենք եղել մեր սկզբունքներին: Այսօր ՀՀ քաղաքացին ազատ ընտրություններ կատարելու հնարավորություն ունի»:
Քոքոբելյանը վստահություն հայտնեց, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք կփորձեն իրենց ձայնահավաքությամբ զբաղվել. «Նկատի ունեմ ռեսուրսների օգտագործում, փող բաժանել և այլն: Բայց նաև վստահ եմ, որ կառավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և այն ժողովրդավարական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, դա կկանխեն: Դա կկանխեն նաև մեր քաղաքացիները: Հին մեթոդները չեն աշխատելու»:
«Ազատ դեմոկրատների» նախագահը հայտարարեց, որ Հայաստանում անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություներ ու իրենք բերում են հենց այդ փոփոխությունները. «Մենք անելու ենք այնպես, որ Հայաստանը դառնա ինքնավստահ երկիր: Մենք Հայաստանը դարձնելու ենք այնպիսի երկիր, որտեղ ապրելը հարմարավետ ու երջանիկ կլինի»:
Քոքոբելյանն իր խոսքի վերջում հայտարարեց, որ Հայաստանում հետադարձ չի լինելու և Հայաստանը կարևորագույն երկիր է դառնալու տարածաշրջանում, իսկ իրենց թիմը մրցունակ է ու ունակ է լուծել ցանկացած խնդիր: