Հայաստան Քաղաքական 

Հանրապետականն ու Քաղաքացիական պայմանագիրը կարող են դաշինք կնքել. Արամ Սարգսյան

Իմ ու Նիկոլ Փաշինյանի ընկերական ու բարեկամական հարաբերությունները չեն խանգարելու սեփական տեսակետն ասելուն, որը կարող է հակադրվել գործող իշխանության տեսակետին: Այսօր` նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքերով, իրեն ճանաչող մարդիկ, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանը, լավ գիտեն, որ ինքը միշտ ասել է այն, ինչ մտածում է ու այդպես էլ շարունակելու է. «Ես կոռեկտ մարդ եմ, աշխատելու եմ չվիրավորել որևէ մեկին: Ես շատ շնորհակալ եմ ԵԼՔ դաշինքի իմ գործընկերներին: Նիկոլ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել ինձ հետ ճանապարհ անցնելու համար: Որևէ բան չի խանգարելու, որ ես իմ տեսակետն ասեմ»:

Սարգսյանը հայտարարեց, որ իր և Նիկոլ Փաշինյանի տեսակետները տարբերվում են մի քանի ուղղություններով. «Այստեղ կանդրադառնայի Հանրապետականին և ՀՀԿ-ի` ընդդիմադիր լինելուն: Հանրապետականն ինքն է ասում, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո ԵԱՏՄ-ի կողմնակից է, որ միջազգային հարթակներում քվեարկում են այնպես, ինչպես Էդվարդ Նալբանդյանն էր ասում: Ես էլ եմ այդպես ասում: Հանրապետականն ու Քաղաքացիական պայմանագիրը կարող են դաշինք կնքել, որովհետև այսօր գաղափարական առումով նույն հարթության վրա են: Իսկ ես այլընտրանքն եմ, որովհետև ասում եմ, որ այդ ուղին ճիշտ չէ: Դրա համար մենք այսօր դաշինք ենք կնքում Ազատ դեմոկրատների հետ, որը մշտապես եվրոպական արժեքների, Եվրոպայի հետ տնտեսական համագործակցության կողմնակից են»:

Սարգսյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ Ազգային ժողովում քննադատել է ԵԱՏՄ-ն և կողմ է արտահայտվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին, դա անելու է նաև հետայսու, ինչն օգուտ է նաև հենց Նիկոլ Փաշինյանին. «Մեր տեսակը պետք է այս երկրին: Ես սրա համար եմ քաղաքական դաշտում: Եթե հարմարվող լինեի, ինչի՞ս էր պետք նոր դաշինք ստեղծել: Ձեզ թվում է Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ն ինձ առաջարակ չի արե՞լ իրենց ցուցակով միասին գնալ: Նման առաջարկ եղել է, խոսել ենք, ուղղակի ամեն ժամանակի մեջ դու տեսնում ես քո օգտակար լինելու ձևը»:

Նույն շարքից