Հասարակություն 

Դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ պետական հիմքերին սպառնացող այս բացասական երևույթներին չօժանդակելու կոչով․ Տեղի է ունեցել «Մեր կամքի ուխտը» նախաձեռնության ակցիան

Այսօր՝ նոյեմբերի 10-ին Եռաբլուր-Պանթեոնում տեղի ունեցավ «Մեր կամքի ուխտը» նախաձեռնության ակցիան: Ակցիայի նպատակն է պահպանել հայկական ավանդական արժեքները, որի հիմնասյունն է հանդիսանում հայկական ավանդական ընտանիքը:

Ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ «Կամք» ՀԿ-ի հիմնադիր Վահագն Չախալյանը, ում խոսքերով իրենց ուղին դժվար է, բայց իրենք վճռական են տրամադրված և պատրաստվում են համատեղ ուժերով այս պայքարը հասցնել հաղթական ավարտին. «Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք հավաքվել ենք հանուն մեր հայկական արժեքների, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի հայկական ավանդական ընտանիքը և հենց դրա միջոցով է, որ այսօր կա հայ ազգն ու հայի տեսակը:

Այսօր հավաքվել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք մեր հերոսներին և խոստանանք, որ որևիցե մեկին թույլ չենք տալու խաթարելու իրենց հանգիստը: Զերծ լինելով որևէ քաղաքական ուղղվածությունից, հայտարարում ենք, որ բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք հայկական ավանդական արժեքների նկատմամաբ ոտնձգությունների դեմ:

Լինելով հայ ազգի զավակ, հայոց քաղաքակրթության և արժեքների կրող, հանուն ազգային արժեքների, խոստանում ենք պայքարել քրիստոնեական արժեքների ոտնահարման, աղանդների քարոզչության, օտար ազգի սովորությունների քարոզչության, հայոց լեզվի աղավաղման, պատմամշակութային գանձերի և ռեսուրսների ոչնչացման, հայկական բնաշխարհի ոչնչացման, արտագաղթի դրդապատճառների, թմրանյութերի օրինականացման, հակապետական արժեքների քարոզչության, կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման դեմ:

Դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ պետական հիմքերին սպառնացող, այս բացասական երևույթներին չօժանդակելու և մեզ սատարելու կոչով։ Հասարակության, իր ազգի համար սրտացավ ու ավանդապաշտ ակտիվ ուժերին հրավիրում ենք միանալ պետության և հասարակության հիմքերը խալխլող երևույթների դեմ պայքարին: Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայելու, որ անձեռնմխելի լինեն հայկական ավանդական սուրբ եկեղեցին, ընտանիքը, հուշարձանները, մշակույթը, հայոց լեզուն, որով մեր ժողովրդի հազարամյա մշակույթի ու ավանդույթների հենասյուներն են, և հաստատված են մեր երկրի սահմանադրությամբ: Կոչ ենք անում բոլորին՝ հատկապես հայ երիտասարդությանը, չընկնել օտարածին, հայի տեսակին ոչ հարիր երևույթների ազդեցության տակ, քանի որ հենց երիտասարդներն են թիրախավորվում ապազգային ուժերի կողմից՝ իրենց անփորձության պատճառով»:

Ելույթով հանդես եկավ նաև «Ազգային Գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանը, ով ասաց, որ վերջին տարիներին դրսի ուժերը շատ են փորձում հակասել հայ ավանդական ընտանիք ասվածին. «Հայ ավանդական ընտանիքն այն հիմնական պարգևն է, որը մեզ տրվել է Աստծուց և ամեն ինչ հիմնված է հենց դրա վրա: Այսօր մեր պետությունն էլ պետք է կառավարվի հենց հայ ավանդական ընտանիքի մոդելով։ Ըստ հայ առաքելական եկեղեցու ուսմունքի՝ ընտանիքն այն է, որտեղ կա ընտանիքի տեր, ով ոչ միայն պատասխանատու է, այլ նաև ծառայում է ամբողջ ընտանիքին, որտեղ կա եկեղեցի՝ կինը, ով ընտանիքում պահում է սերն ու համերաշխությունը, ով ամենակարևոր գործերից մեկն է անում, դաստիարակելով երեխաներին, ովքեր մեր հավատացյալներն են»:

Ակցիային ներկա էր նաև Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը, ով ասաց, որ հպարտ է, որ Վարդանի քույրն է և մեծացել է այն ընտանիքում, որի արմատներն ամուր կառչած են այս հողին. «Ես հպարտ եմ, որ ապրել եմ այնպիսի ընտանիքում, որտեղ կարող էին մեկ մեկու համար կյանք զոհաբերել: Ընտանիքից է սկսվում հայրենիքը և այս տղաները, ովքեր ոչ պառկած են, ոչ ննջած են, ովքեր մեզ հավերժ ուղեկցում են երկնքից և հսկում են մեզ։ Նրանք մեզ սովորեցրել են մի շատ կարևոր դաս՝ պարզապես սիրել է պետք , սիրել մերձավորին, ինչու չէ նաև թշնամուն, բայց հաղթած սիրել, ոչ թե խաղաղություն խնդրել, որովհետև խաղաղությունը չեն խնդրում, խաղաղությունը պարտադրում և ձեռք են բերում: Հայ զորավոր այն կինը, ով 5000 ամյա պատմություն ունեցող հայ ժողովրդին հասցրել է այս օրվան, և այդ գենդերային ախտանիշներն ի զորու չեն Հայաստանում ինչ-որ բան քանդելու, որովհետև հայ կինը նորից իր դերում է: Եղբայրս շատ կարևոր դասեր է տվել ինձ և ես առաջնորդվում եմ դրանցով։

Հայկական ավանդական ընտանիքը կարող է պահպանել այս երկիրը, ի զորու է նաև իր երեխային այնպես դաստիարակել, որ դրսից ներմուծած ինչ-որ աղբ չվարակի նրան: Եթե մեր երկրում բոլորը զբաղվեն իրենց գործերով, այս երկիրը կդառնա այն դրախտը, որ յուրաքանչյուրը կերազի ապրել այստեղ։ Այս ազգը հաղթելու է, որովհետև առանց այս ազգի աշխարհը համ ու հոտ չունի»:

Նշենք, որ Եռաբլուր-Պանթեոնում կազամակերպված «Մեր կամքի ուխտը» նախաձեռնության ակցիային ներկա էին նաև հասարակական, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, «Հայ միաբանության» շարժման անդամ Արա Մաթևոսյանը և այլոք:

Կազմակերպված ակցիայի ընթացքում երգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ով ասաց, որ այս ամեն ինչը տարօրինակ է, որովհետև ծննդյան առաջին օրվանից գիտի, որ հայ է, որ լեզուն հայերենն է, եկեղեցին առաքելականն է, և իր համար անընդունելի և անհասկանալի է կեղծ արժեքների մասին քննարկումը. «Եռաբլուրում ննջող տղաներն այսօր մեր կողքին չեն, որովհետև այդ ընտանիքների անդորրն էին պահում, պահում էին հողը և ինչպես իմ հետախույզ ընկերներն էին ասում՝ լավ է լինելու և սա էլ ենք անցնելու: Երբ ինձ հարցնում են ինչպե՞ս ես, պատասխանում եմ մարտական, որովհետև այլ կերպ լինել չի կարող»:

Նույն շարքից