ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագրեր չունի, եթե երկիրը դուրս գա միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունից:
«Այդպիսի բան չկա մեր պլաններում։ Նախագահը չի կարծում, որ Իրանը մտադիր է դուրս գալ գործարքից»,-ասել է նա լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ունի ռազմական տարբերակ, այն դեպքում, եթե Իրանը դուրս գա համաձայնագրից:
Բոլթոնը նաև ավելացրել է, որ չի կարծում, որ Իրանը ներկայումս հետևում է գործարքի դրույթներին․ «Ես գտնում եմ, որ մենք տեսել են բավականին տպավորիչ ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ նրանք որոշակի իմաստով արդեն դուրս են եկել գործարքի սահմաններից: Ես չեմ բացառում այն, որ նրանց կողմից խախտումներն արվում են այնպես, որ մենք դրա մասին չիմանանք»,-նշել է Բոլթոնը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից: Նա նաև հայտնել էր, որ Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են: Իսկ արդեն այս տարվա նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտան նավթի արտահանման վերաբերյալ ավելի ծանրակշիռ պատժամիջոցներ: Վաշինգտոնը հայտարարել է, որ իր նպատակն է իրանական նավթի արտահանումը հասցնել զրոյի և կոչ արել գնորդներին հրաժարվել նման գնումներից: