Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքը ԱԺ ոչ կոալիցիոն 4 ուժերի մասնակցությամբ՝ ըստ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի՝ մեծ և կարևոր իրադարձություն է, սակայն նա խնդրում է նույն քաղաքացիական նախաձեռնություններին ավելի զգոն լինել, որպեսզի նրանց պայքարը չվերածվի որոշ քաղաքական ուժերի հեռահար նպատակների սպասարկման միջոց։
«Անշուշտ նման մտահոգության համար լուրջ հիմքեր կան, համենայն դեպս այդ մտահոգությունները հերքելու համար վերջին օրերին քայլեր չտեսա, այլ հակառակը տեսա, հիմա էլ Ռոբերտ Քոչարյանն է խոսում դրա դեմ, դա էլ ոչինչ, քանի որ նա էլ իրավունք ունի կարծիք հայտնելու»,– լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
«Մի խոսքով հրճվալից անդրադարձեր ենք տեսնում և շատ բան կախված է լինելու քաղաքացիական նախաձեռնություններից, ովքեր, իհարկե, կարող են քաղաքական ուժերին գործընկեր ընդունել, բայց եթե նրանք փորձեն շարժումը օգտագործել նեղ կուսակցական նպատակների համար, կարծում եմ ռեակցիան կլինի»,- ավելացրեց փորձագետը։
Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց, որ այստեղ կարևոր է քաղաքացիական նախաձեռնության դերը, որոնց գլխավոր բաղադրիչն ամեն դեպքում նախաձեռնությունների հեղինակ-ակտիվիստներն են։
«Ի վերջո վերջին տարիներին փորձը ցույց տվեց, որ քաղաքական պրոցեսները, որտեղ քաղաքացիներ չկան, վերածվում են քաղաքական խաղերի, որտեղ քաղաքացին շահ չունի, և հաշվի չի առնվում որևէ քաղաքական ուժի կողմից, ամեն մեկն իր հատվածային շահերով է հետաքրքրված, դա անկանոն խաղ է վերածվում և ոչ մի տեղ չի տանում»,- ասաց նա։
Ռուբեն Մեհրաբյանը նաև նշեց, որ հասկանում է, որ պահանջն արդարացի է. «Սա լրացուցիչ հարկ է, որ առանց քաղաքացուն հարցնելու է արվում։ Ո՞վ է ձեզ թույլ տվել, պարոնա՛յք, դուք այդ իրավունքը չունե՛ք»։
Փորձագետը կանխատեսում է, որ եթե նույն քաղաքական ուժերը ամեն դեպքում իրենց համակիրների մի մասի հետ էլ դուրս գան փողոց, ապա փողոցում սարսափելի բան տեղի կունենա։
«Եթե դուրս գան, իրենց անդամների կեսով, բավական սարսափելի բան կլինի, մյուս կողմից կցանկանայի զերծ մնալ իլուզիայից։ Պառլամենտական ուժերը խիստ խայտաբղետ են, նրանք իշխանության հետ բազմիցս գնացել են ինչ-ինչ հակահասարակական կոմպրոմիսների։,– ասաց նա։
«Նրանց միավորումը ես չէի ուզենա, որ մեզ ինչ-որ առանձնակի հրճվանք պատճառեր, կարևոր է, այո՛, բան չունեմ ասելու, բայց քաղհասարակությունը պետք է խիստ վերապահում ունենա: Ի վերջո, հենց այդ քաղուժերն են, որ պետք է սպասարկեն քաղաքացուն»,- նշեց նա։