Հայաստան Քաղաքական Բարի օր 

Դավիթ Շահնազարյանը բացատրել է, թե ինչու է ընդունել ՀՀԿ-ի ցուցակում լինելու առաջարկը

ՀՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկը ստացել եմ այսօր և ընդունել այն: Այս մասին նոյեմբերի 11-ին tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ իր որոշման հիմքում խորը մտահոգություններն են՝ կապված Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող հարաճուն վտանգների հետ:

«Գործող հեղափոխական վարչախումբը ոչ միայն եղած մարտահրավերներին ու սպառնալիքներին համարժեք քաղաքականություն չի վարել, այլև վեցամսյա իր գործունեությամբ ու անգործությամբ բազմապատկել է եղածները, ավելացրել նորերը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ 1988-ից ի վեր երբեք սպառնալիքներն ու մարտահրավերներն այնքան վտանգավոր ընթացք չեն ունեցել, որքան ներկայում: Օրվա հրամայականը Հայաստանի ու Արցախի պետականությունների անվտանգությունը հեղափոխականության սպառնալիքներից պաշտպանելն է»,-նշել է Շահնազարյանը:

Այն, որ Դավիթ Շահնազարյանը կարող է լինել ՀՀԿ ցուցակում, հայտնի էր դարձել դեռ օրեր առաջ: Հավելենք, որ կուսակցության ցուցակն ընտրություններում գլխավորելու է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ով նոյեմբերի 11-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստում ընտրվել է կուսակցության առաջին փոխնախագահ:

Նույն շարքից