Այսօր` նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով այն հայտարարություններին, թե իր կուսակցությունն անսկզբունքային ուժ է, քանի որ մեկ Սերժ Սարգսյանին է ձայն տալիս, մեկ հեղափոխության ջատագով է լինում, հայտարարեց, որ դրանք անլուրջ խոսակցություններ են:
Զոհրաբյանի խոսքերով, ինքը հասկանում է, որ ընտրությունների ժամանակ շատ քաղաքական ուժեր փորձելու են օգտվել կեղտոտ տեխնոլոգիաներից. «Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս չանել, որովհետև, շատ շատ ծանր հակահարվածի են արժանանալու: Մենք հստակ հայտարարել ենք, որ ԲՀԿ-ն այս հեղափոխության մաս է: Մենք այս հեղափոխության կրողն ենք և անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս հեղափոխությունը դառնա անշրջելի և որպեսզի մենք անցնենք նաև տնտեսական հեղափոխության, որ մեր երկիր գան ներդրումներ, ինչի համար անհրաժեշտ է քաղաքական կայունություն»:
ԲՀԿ-ականը նշեց, թե չի կարող ասել ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները` նշելով, որ պետք է սպասել, թե ինչ կլինի դեկտեմբերի 9-ից հետո` հավելելով, որ առաջին անգամ ընտրություն է լինելու, որի միակ արժեքը լինելու է ընտրողի ազատ քվեն:
ԲՀԿ-ի ցուցակը հրապարակվելու է առաջիկա օրերին:
95 1 3 - 99Shares