ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը, արձագանքելով ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, թե Հանրապետականը պայքարում է հիմնական ընդդիմադիր ուժ լինելու համար, նշել է, որ դա որոշում է ժողովուրդը ոչ թե Հանրապետականը կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Փաշինյանի գլխավորած ուժը կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, Հակոբյանն ասել է, որ ՀՀԿ-ն դեռ պետք է հայտնվի խորհրդարանում` միևնույն ժամանակ հավելելով, որ կոալիցիա միանշանակ չի լինելու Հանրապետականի հետ:
ԵԼՔ-ի պատգամավորը կասկածում է, որ ՀՀԿ-ն կհաղթահարի ստորին շեմը. «Եթե ՀՀԿ հապավումն իրենցից պոկեին, միգուցե այնտեղ կան պատգամավորներ, ովքեր կարող էին հայտնվել խորհրդարանում և արժեր, որ հայտնվեին»:
Հակոբյանը խոսել է նաև Սարգսյանի այն հայտարարության մասին` եթե Փաշինյանն ազնիվ է իր ձգտումների մեջ, քվեախցիկում կքվեարկի Հանրապետականի օգտին. «Սա ՀՀԿ-ի մանիպուլյացիաներից է: Նրանք գտնում են, որ պետք է շահարկեն Նիկոլ Փաշինյանի անունը, որպեսզի նման ձևով քվե ստանան: Հանրապետականը հիմիկվանից արդեն սկսել է քարոզարշավ իրականացնել` փորձելով մոլորության մեջ գցել հանրությանը, ինչը չի հաջողվի անել»:
Պատգամավորը նաև վստահություն է հայտնել, որ որոշ Հանրապետականներ Քաղաքացիական պայմանագրին կընտրեն: