Բարի օր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն այժմ պայքարում է իր ազատության համար

analitik.am

ՀՀԿ-ն հրապարակել է կուսակցության խորհրդի քաղաքական հայտարարությունը, որում բնորոշումներ են տրվում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններին: Այսպես.

Նախ հիշատակվում է այն մասին, որ Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո բողոքի ակցիաներ սկսվեցին, այնուհետև նշվում է, որ այդ կերպ լրջորեն վտանգվեց հասարակական կարգը, ինչի հետևանքով կարող էին բախումներ առաջանալ՝ բերելով արյունահեղության և մարդկային զոհերի: Նշվում է, որ այդ ամենից հնարավոր եղավ խուսափել ՀՀ վարչապետի հանձնարարության շնորհիվ, որի համաձայն իրավապահ մարմինները դրսևորեցին զսպվածություն: Հստակ նշվում է այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողը հենց Նիկոլ Փաշինյանն է եղել, ինչի պատճառով էլ Սերժ Սարգսյանը նրան հիշեցրել է դա՝ ապրիլի 22-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ, սակայն բողոքի ալիքի ահագնացող ծավալը հաշվի առնելով Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ կանխելով այդ կերպ հնարավոր բախումները:

Այս հայտարարության մեջ փաստացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջադրվում է միանգամից մի քանի մեղադրանք, որոնցից են Ազգային ժողովի, ՏԻՄ մարմինների և պատգամավորների վրա ճնշման գործադրում, դատական իշխանության վրա ազդեցության գործադրում, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական ընդդիմախոսների շրջանում վախ սերմանելու նպատակով իրավապահներին հանրայնորեն արված կոպիտ ուժի կիրառման հանձնարարականներ, ճնշումներ ԶԼՄ-ների նկատմամբ, անչափահասների ներգրավվում քաղաքական գործընթացներում և այլն:

Սակայն, ամենածանր մեղադրանքը, որ առկա է հայտարարության ենթատեքստում՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության զավթումն ու Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելու միջոցով արտահերթ ընտրությունների անցկացումն է: Փաստացի, եթե առաջնորդվենք այս հայտարարության տրամաբանությամբ, ապա ՀՀԿ-ի իշխանություն դառնալու դեպքում Նիկոլ Փաշինյանին կարող են առաջադրվել մի շարք մեղադրանքներ, որոնցից ամենածանրը գուցե լինի շանտաժի միջոցով իշխանության զավթումը:

Այս պայմաններում ավելի քան հասկանալի է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի հնարավորինս երկար իշխանությունը պահելու և այն երբեք որևէ մեկին չհանձնելու համար: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հերթական անգամ գործ ենք ունենալու արմատներ գցել ցանկացող և հավերժ դիրքերն ամրապնդել ցանկացող իշխանության հետ՝ այս անգամ արդեն ի դեմս Նիկոլ Փաշինյանի և շատ ավելի բիրտ պայքարի միջոցով, քանի որ վերջինս արդեն լուծում է ոչ միայն իշխանություն, ազդեցություն և հարստություն ունենալու հարց, այլ իր ազատության հարցը՝ այսինքն իշխանությունը պահելու մեթոդները կարող են լինել շատ ավելի կոշտ ու դաժան:

 

Նույն շարքից