Հայաստան Քաղաքականություն 

Ցույց կտանք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ գցել քաղաքացիներին. Արմեն Աշոտյան

«Հանրապետականը շարունակելու է պայքարը: Այս ընտրությունները վարչապետի ընտրություններ չեն, ակնհայտ է, որ վարչապետը լինելու է Փաշինյանը, կամ նրա կողմից ներկայացված մեկ այլ անձ, որի վրա Նիկոլ Փաշինյանը կփորձի բարդել արդեն ակնհայտ դարձող սոցիալ-տնտեսական սնանկության ամբողջ բեռը, իսկ ինքը մնալ ստվերում և գործընթացը կառավարել խորհրդարանից: Այս սցենարը հնարավոր եմ համարում»,-լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Աշոտյանի խոսքերով, ընտրություններում գնում են քաղաքական ծրագրերի շուրջ ընդդիմություն ընտրելու:

ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց նաև Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին` հայտարարելով, որ ԱԺ քառօրյայի ժամանակ, երբ սկսվեն բյուջետային քննարկումները, իրենք ցույց կտան, թե ինչպես է կառավարությունն ու վարչապետն անձամբ մոլորության մեջ գցել քաղաքացիներին` ընտրություններից առաջ տալով շռնդալից խոստումներ և ասելով, որ ամուսնությունից հետո այդ ամենը հեքիաթներ էին. «Իսկ խորհրդարանում ՀՀԿ-ի գոյությունը պետք է մեր երկրի քաղաքական համակարգին: Պարզ է, թե ով է լինելու իշխանությունը, պետք է հասկանալ, թե ինչ կառուցվածք է ունենալու ընդդիմությունը: Այն իշխանությունը, որ բացարձակ է լինելու, ամենամեծ վտանգն է ներկայացնում: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չպետք է լինի բացարձակ, ինչում պետք է շահագրգռված լինեն նաև ՔՊ-ում այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հեղափոխությունը ժողովրդի համար էր»:

Աշոտյանը հավասար պայմաններ է ուզում քարոզարշավի ընթացքում. «Մենք ուզում ենք, որ լավ որակի ընտրություններ լինեն, իսկ եթե այս ընտրությունների վրա ստվեր նետող լինի, այն լինելու է կառավարությունը, այդ թվում նաև վարչապետը: Եթե վարչապետը լավ ընտրություններ է ուզում, պետք է օր առաջ ուղերձով դիմի այն մարդկանց, ովքեր ընտրությունները համարում են բռնցքամարտ: Մենք պատրաստ ենք քաղաքակիրթ մրցակցության, բայց ոչ խուժան կռվի»:

 

  • 261
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 4
  •  
  •  
  •  
    266
    Shares

Related Articles