Հասարակություն գլխավոր 

Երևանի քաղաքապետարանն անօրինական է քանդել Նոր Նորքում գտնվող շինությունը

Այսօր առավոտյան Երևանի քաղաքապետարանի կողմից քանդվել է Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի  1/3 հասցեի հողամասում  արված կառույցը, որը պատկանում է Դավիթ Ահարոնյանին: Կառուցապատողը նշել էր, որ գործը գտնվում է դատարանում, հետևաբար շինարարությունը դադարեցված էր և սպասում էին դատարանի վճռին: Analitik.am-ը պարզեց, որ գործն իրոք գտնվում է դատարանում, հետևաբար Երևանի քաղաքապետարանն իրավունք չուներ քանդել կառույցը, մինչև դատարանի կողմից որոշում կկայացվեր:

Նշենք, որ դատարանը վարույթ էր ընդունել Դավիթ Ահարոնյանի հայցը, որի պահանջն է  անվավեր  ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումը,  և գործի դատաքննությունը նշանակվել է 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Datalex.am կայքից էլ տեղեկանում ենք հայցը վարույթ ընդունելու որոշման մասին, որի մեջ ասվում է հետևյալը.

«Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Մ.Մելքումյանս, ուսումնասիրելով Դավիթ Ահարոնյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին.

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Դավիթ Ահարոնյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով, խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումը:
Ոսումնասիրելով հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գտնում եմ, որ հայցադիմումը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի պետք է ընդունել վարույթ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ վարչական դատարանը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
Ուսումնասիրելով հայցադիմումը և կից փաստաթղթերը՝ դատարանը գտնում է, որ գործը պատրաստ է դատաքննության նշանակելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ, 90-րդ և 127-րդ հոդվածներով.

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

Դավիթ Ահարոնյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Որոշումը կայացրել է դատավոր Մ. Մելքումյանը»:

Փաստացի, Երևանի քաղաքապետարանն անօրինական կերպով է քանդել Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի  1/3 հասցեում գտնվող շինությունը:

 

Նույն շարքից