Տնտեսություն Քաղաքականություն 

2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով. գյուղնախարար

analitik.am

2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, տարվա առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը կարեւորել է 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը:

«Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ նախարարությունում արդեն ձեւավորվել է փորձառու եւ գործունյա աշխատանքային մի թիմ, որն ընդունակ է լուծել համակարգային բարդ խնդիրներ: Պետք է ըստ ամենայնի օգտագործել այդ թիմի լավագույն որակները, միասնաբար հասնելու նոր հաջողությունների, պահպանելու զարգացման տեմպերը»,- ասել է Կարապետյանը:

Նոր տարվա գործունեության համար նա կարեւորել է.

- աշխատանքային եւ կատարողական կարգապահության, աշխատանքի արդյունավետության հետեւողական բարձրացումը,

- խնայողության ռեժիմը խստորեն պահպանելը: Այս առումով հատկապես ամենօրյա գործնական վերահսկողության իրականացումը բյուջետային միջոցների նպատակային օգտագործման վրա,

- բաց ու թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հետ: Բարձրացված հարցերի եւ քաղաքացիներից ստացված բողոք-դիմումների օպերատիվ արձագանքումը,

- մարզերի եւ համայնքների հետ կապերի ընդլայնումը, մարզային այցելությունների ակտիվացումը:

«Առաջիկա օրերին պետք է մանրամասնորեն ուսումնասիրվի եւ քննարկվի եղանակային պայմանների ազդեցության եւ հետեւանքների հարցը»,- հանձնարարել է նախարարը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մասնակիցների ուշադրությունը նա հատկապես բեւեռել է Կառավարության կողմից ըստ ոլորտների հաստատված գերակա խնդիրների հիման վրա բոլոր վարչություններում աշխատանքային ծրագրեր ունենալու եւ յուրաքանչյուր եռամսյակ վերջինիս կատարողականը քննարկման ներկայացնելու պահանջի վրա:

Նույն շարքից