Քաղաքական 

Քոչարյան-Սարգսյան հակամարտություն. Իմա՞ստը

 Քաղաքական ոլորտը կարծես թե ցնցվեց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, և բացառապես բոլորը Քոչարյան ազգանունը լսելիս միանգամից սկսեցին հիշատակել հոկտեմբերի 27- ը և մարտի 1-ը, և ոչ ոք չի ասում, որ այս երկու դեպքերի ժամանակ էլ միայն Քոչարյանը չէր ապրում Հայաստանում: Մի՞թե այդ ժամանակահատվածում Հայաստանում դիկտատուրա էր տիրում, և բոլոր քաղաքական և պետական գործիչներն այդչափ վախենում էին որևէ քայլ անելուց: Զարմանալին այն է, որ Քոչարյանին այսօր քննադատում են այնպիսի մարդիկ, ովքեր հենց Քոչարյանի օրոք են այսպես ասած հայտաբերվել և բերվել քաղաքական ոլորտ, իհարկե դժբախտաբար, քանզի այս տարիների ընթացքում բացի սեփական PR-ով զբաղվելուց այդ անձինք այլևս ոչինչ չարեցին: Ոչ ոք չի ասում, որ Քոչարյանը սուրբ է, սակայն ոչ ոք չի էլ կարող ժխտել, որ հենց Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում Հայաստանը որոշակի զարգացում ապրեց: Ամեն դեպքում յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կհաստատի սա, քանզի գրեթե բոլորը հենց այդ տարիներին կարողացան կապիտալ ձեռք բերել և բարելավել իրենց կենսապայմանները: Իսկ այսօր կոպտորեն մերժվում է հասարակության պահանջը՝ չներդնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, բայց ՀՀԿ-ն կարծես թե խլացած լինի և անհանգստացած է բացառապես իշխանությունը պահելով: Այո, անհերքելի է, որ ներկայիս բարդագույն վիճակում մեղավոր է թե Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, թե Տիգրան Սարգսյանը և բոլորս, բայց սա չի նշանակում, որ ներկայիս իշխանությունը պետք է գառի դեմք ընդունելով արդարանա՝ ամեն ինչ բարդելով նախորդ իշխանության վրա: Հետաքրքիրն այն է, որ մանրակրկիտ ուսումնասիրության դեպքում կբացահայտվի, որ ներկայիս և նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները կապված են միմյանց հետ բարեկամական, խնամիական և քավոր-սանիկական կապերով: Այս իրավիճակում մեղադրել ամեն ինչում նախորդ իշխանությանն ուղղակի անհեթեթ է, քանզի այն ժամանակ էլ յուրաքանչյուր հարց կարող էր քննարկվել ուղղակի ինչ-որ ընկերական հավաքույթի շրջանականերում: Քաղաքականությունն էլ մարդկային հարաբերությունների շղթա է, այլ ոչ թե ավտոմատացված գծագիր: Գուցե ուղղակի կարիք կա թարմացնե՞լ քաղաքական ոլորտը՝ գիլդային համակարգից անցում կատարել քաղաքական բաց համակարգին: Պետք է քաղաքական ոլորտ բերել ոչ թե այն մարդկանց, ովքեր այս կամ այն իշխանության ֆավորիտներն են, այլ մարդկանց, ովքեր իրականում պրոֆեսինալ են, թարմ գաղափարներ ունեն և նաև աշխատում են, այլ ոչ թե միայն փող են աշխատում, հետո էլ նախորդներին մեղադրում: ՀՀԿ-ական քաղաքական գործիչներն էլ լավ կլիներ, որ լռեին այս ընթացքում, քանզի շատ տխուր պատկեր կարող է ստացվել, եթե ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերը վերլուծվեն և ներկայացվեն, թե դրանց ընդամենը քանի տոկոսն է կարողացել իրականացնել այդ կուսակցությունը: Այս ընթացքում էլ Քոչարյանի հարցազրույցը հերթով քննադատելու փոխարեն ավելի լավ կլիներ, որ իրենց աշխատանքով ապացուցեն, որ իրենք իրականում արժանի են իշխանություն կոչվելուն:


Հ.Գ. Պետք չի ցեխ շպրտել միմյանց վրա՝ հասարակության համար զգալի տարբերությունն այս և նախորդ իշխանության մեջ այն էր, որ նախորդ իշխանության օրոք մարդիկ կարողանում էին իրենց ընտանիքը պահելու համար գումար վաստակել, իսկ հիմա միայն հարկեր և տուրքեր են տալիս՝ երազելով Հայաստանից արտագաղթելու մասին: Հասարակության մեծամասնությանը չի հետաքրքրում ոչ Տիգրան Սարգսյանի տնտեսագիտական գրաֆիկները, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի միջազգային պատմությունից բերված մեջբերումները:


Ռ. Մխիթարյան

Նույն շարքից