Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի կողմից քանդվեց Նոր Նորք Գյուրջյան փողոցի 1/3 հասցեի հողամասում արված կառույցը: Analitik.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ վերոնշյալ շինության սեփականատերը բողոքարկել է Երևանի քաղաքապետի որոշումը, որն էլ դատարանը վարույթ է ընդունել:
Մենք նախ կապ հաստատեցինք Նոր Նորքի թաղապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արտակ Մամուլյանի հետ, ով ասաց, որ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 1/3 հասցեի հողամասում արված կառույցն ապամոնտաժվել է Երևանի քաղաքապետի որոշման համաձայն․ «Մանրամասների համար դիմեք քաղաքապետարանի լրատվական վարչություն»։ Իսկ այն հարցին, թե արդյոք տեղյակ են, որ վերոնշյալ կառույցի հետ կապված որոշումը բողոքարկվել է դատարան և վարույթ ընդունվել, Մամուլյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ ապամոնտաժվել է շինության մի հատվածը, որը եղել է վարձակալված։
Analitik.am-ը կապ հաստատեց շինության սեփականատեր Դավիթ Ահարոնյանի հետ, ով մեզ հայտնեց, որ հոկտեմբերի 29-ին քանդման որոշում է եկել իրեն. « Որոշում է եկել, որ հինգ օրյա ժամկետում ես իրավունք ունեմ դիմել դատարան, որպեսզի այդ քանդման որոշումը բողոքարկեմ։ Ես դիմել եմ դատարան, քանդման որոշումը բողոքարկել եմ, դատարանն արդեն նոյեմբերի 2-ին վարույթ է ընդունել և քանդման որոշումը կասեցրել է՝ այսինքն, թույլ չի տվել, որ այն քանդվի։ Իսկ այն տարածված լուրերը, որ իբր ես իմ սեփական հողի մեջ չեմ սարքել, այլ վարձակալած հողի վրա, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ իմ վարձակալած հողատարածքն իմ շինությունից գտնվում է մոտավորապես 42 քմ հեռավորության վրա։ Իսկ ապամոնտաժված կառույցը գտնվում է իմ հողատարածքում, և բնական է, որ պետք է մի բան ասեն, որպեսզի արդարացնեն քաղաքապետարանի գործունեությունը»։
Ահարոնյանը նաև նշեց, որ մինչև շինության ապամոնտաժումը, քաղաքապետը հանդիպել է իր հետ․ «Քաղաքապետը եկել է մեր հետ բանակցելու և ասել է, որ ամեն գնով քանդելու է՝ կապ չունի օրենքով կլինի, թե՝ ոչ։ Հետո հարցրեց, թե ինչի չեմ գնացել իր հետ խոսել, բայց ես ասացի, որ բազմիցս դիմել եմ, սակայն դիմումը մերժվել է, ինչին ի պատասխան քաղաքապետն ասաց՝ բա դու ո՞վ ես, որ գաս իմ հետ խոսես, նույնիսկ վարչության պետը չի կարողանում իմ հետ խոսա։ Եվ վերջում էլ հայտնեց, որ ամեն գնով քանդելու է այս շինությունը, որ մնացածը հանկարծ չիմանան, որ ապօրինի շինություն կարող են անել։
Սա իմ սեփական հողատարածքն է, և ես մի քանի անգամ դիմում եմ գրել, որ թույլտվություն տան սարքեմ, բայց մերժել են։ Նշեմ, որ քաղաքապետի տեղակալներն էլ, աշխատողներն էլ ներքին կարգով խոսում են, որ դե մարդ է, դեռ գործին չի տիրապետում, չի ուզում, որ բողոքեն։ Հիմա դատարանը վարույթ է ընդունել գործը։ Նշեմ, որ ես կոնկրետ ունեմ 975 քմ հողատարածք, 165 քմ էլ վարձակալած հողատարածք, որը տրված է կառուցապատման իրավունքով՝ այսինքն ես դրա վրա էլ կարող եմ շենք սարքել, բայց ես չեմ սարքել, ես սարքել եմ 975 քմ հողատարածքի 770 քմ հողատարածքի վրա շինություն։
Քաղաքապետարանը, երբ եկավ ապամոնտաժելու, ինձ փաստաթուղթ տվեց, որտեղ տեղեկացնում էին շինության քանդման մասին, այնտեղ նաև նշված էր, որ հինգ օրվա ընթացքում կարող եմ դիմել դատարան, բայց ես հինգ օրում չէի հասցնի, վարչական դատարանը յոթ օրում նոր վարույթ է ընդունում՝ այսինքն, այսպես , թե այնպես քանդվելու էր, սակայն ես, գործելով օրենքի շրջանակներում, ստացել եմ դատարանի կասեցման որոշումը, իսկ նրանք այդ փաստից ջղայնացան, թե ո՞նց կարող է այդպես լինել, որ մարդը նոր է նստել քաղաքապետ ու չկարողանա քանդել, բայց օրենքի սահմաններում են իմ ամբողջ գործողությունները»։
