Արաբական «Al-Jazeera» հեռուստաալիքը հրապարակել է Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի վերջին խոսքերը։ Հեռուստաալիքի հաղորդմամբ, վերոնշյալ ձայնագրությունն ապացույցն է այն բանի, որ սաուդցի լրագրողը ենթարկվել է խոշտանգումների, որի արդյունքում մահացել է:
Խաշոգջիի վերջին խոսքերը մեջբերում է արաբական հեռուստաալիքը․ «Ես խեղդվում եմ ... հանեք այս պարկն իմ գլխից, ես կլաուստրաֆոբոիա ունեմ»:
Ըստ տեղեկությունների լրագրողի սպանությունը տևել է մոտ 7 րոպե, իսկ ձայնագրության մյուս հատվածները կհրապարակվեն ավելի ուշ։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Փարիզ մեկնելուց մի քանի ժամ առաջ, Էրդողանը հաստատել է լրագրող Խաշոգջիի խոշտանգումը և մահը հաստատող ձայնագրության առկայությունը: Նաև հայտնել է, որ վերոնշյալ ձայնագրությունը փոխանցել է Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային և Միացյալ Թագավորության ներկայացուցիչներին