Հայաստան Քաղաքական Բարի օր 

Հիմա ես եմ ասում՝ Նիկոլ ջան, սթափվիր․ ՔՊ հիմնադիր անդամ. «Առաջին լրատվական»

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի անդամ Արթուր Համբարձումյանը, որի թեկնածությունը կուսակցությունը մերժել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնում է իր և կուսակցության վարչության անդամների միջև եղած գաղափարական հակասությունների մանրամասները: Համբարձումյանի խոսքերով՝ ինքը նախկինում ևս գաղափարական տարակարծություններ է ունեցել «Ելք» դաշինքի անդամների, «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների անդամների հետ: Նրա պնդմամբ՝ երբեք անձնական խնդիր չի ունեցել ոչ ոքի հետ, ցանկացած հարց, որը բարձրաձայնել է, եղել է համակարգային, քաղաքական պրոցեսների մասին, ոչ թե անձերի: ՔՊ հիմնադիր անդամ համարվող Արթուր Համբարձումյանին նախկինում, երբ դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանություն չէր, ժողովի ժամանակ կուսակցությունից հեռացնելու հարց են բարձրացրել: Որոշմանը կողմ են եղել չորսը՝ Նիկոլ Փաշինյանը, Լենա Նազարյանը, Արայիկ Հարությունյանը և Վահագն Հովակիմյանը:

Հինգ կողմ և մեկ ձեռնպահ ձայնով նրան կուսակցությունից չեն հեռացրել: Համբարձումյանի համար կատեգորիկ կերպով ընդունելի չէ նախկինում քաղաքականության ու այսօրվա քաղաքականության տարբերությունները: «Երբ այն ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից հայտարարեցին, որ ԱԺ-ն լեգիտիմ է, Փաշինյանը ևս հայտարարեց, որ որոշ մասով լեգիտիմ է, որոշ մասով ոչ, ես հայտարարեցի, որ դա անընդունելի է: Նրանք այն ժամանակ ներկայացրին ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը, որը ես նշեցի, որ պոպուլիզմ է: Թող հիմա ցույց տան՝ ես էի պոպուլիստը, թե իրենք, թող դուրս գան ԵԱՏՄ-ից, տեսնեմ՝ ինչպես են դուրս գալու»,- ասաց մեր զրուցակիցը: Նրա համար անընդունելի է, որ ՔՊ-ի ցուցակներում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում հանրապետական են եղել:

Մասնավորապես՝ խոսքը Ֆելիքս Ցոլակյանի մասին է: ՔՊ մերժված անդամը կարծում է, որ այս հարցազրույցներից հետո իրեն անպայման կուսակցությունից կհեռացնեն: Նա նշում է, որ իր ընտրողների հետ ազնիվ է խոսելու, ներկայացնելու է այն, ինչ իրականում կա: Իսկ գյումրեցիները, ամեն ինչ տեսնում են, ու ընտրություններում այս թեկնածուների մասնակցությունը միանշանակ ազդեցություն ունենալու է ՔՊ-ի ձայների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նույն շարքից