Հասարակություն Ռազմական 

Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրը կնքված է. Դավիթ Տոնոյան

analitik.am

Ռուսաստանի հետ 100 մլն դոլարի ռազմական վարկի պայմանագիրն արդեն կնքված է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Դեռևս չենք ավարտել մեր բանակցությունները մատակարարումների հարցով: Պայմանագիրը կնքված է: Մատակարարման հետ կապված կան որոշ բանակցություններ, որոնք հիմա ընթանում են»,-ասել է Տոնոյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ մատակարարվելիք սպառազինությունը մասամբ է արտադրված:

Նա նաև հավելեց, ՀՀ պաշտպանության նախարարությունն ուսումնասիրում է ռազմական նոր վարկ վերցնելու հնարավորությունը: Լրագրողի հարցին՝ արդյոք Հայաստանը մտադի՞ր է նոր վարկ վերցնել, Տոնոյանն ասել է. «Այո, ուսումնասիրվում է այդ հնարավորությունը»:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև պատասխանել է այն հարցին, թե արդյոք Ռուսաստանից է լինելու այն: «Ոչ միայն, ոչ միայն ֆինանսական կառույցներից»,-ասաց Տոնոյանը:

Պաշտպանության նախարարությունը հաջորդ տարվա բյուջեով 45 մլրդ դրամ է նախատեսել եղած և հնարավոր վարկերի մարմանը տրամադրելու համար:

Նույն շարքից