Քաղաքական Տնտեսություն 

Նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզում կատարվել է 24 մլրդ դրամի ներդրում. խորհրդակցություն մարզպետարանում

2013թ.-ին Արարատի մարզում ընդհանուր առմամբ՝ կատարվել է շուրջ 24 մլրդ դրամի ներդրում, որից 10,6 մլրդ դրամը` արդյունաբերության, 2,1 մլրդ դրամը` սոցիալական, 3,9 մլրդ դրամը` գյուղատնտեսության, 6,7 մլրդ դրամը` ենթակառուցվածքների ոլորտներում: Այս մասին Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում զեկուցվել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին:

 

Ըստ այդմ՝ մարզի եկամուտների ցուցանիշն 2012-ի համեմատ աճել է 14.8 %-ով կամ 681,7 մլն դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 102.9 %: 2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 10.3 %-ով: Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 101.6 %-ով, գույքահարկինը` 103.9 %-ով:

 

Փոխվարչապետը դրական է գնահատել հավաքագրումների ցուցանիշները և հորդորել շարունակել մշտական հետևողական աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ չնայած կատարողականի բարձր ցուցանիշներին, այս մարզում նույնպես կան համայնքների նկատմամբ դեռեւս պարտավորությունները չկատարած խոշոր հարկատուներ: Հունվարի 10-ի դրությամբ հողի հարկի եւ գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է 85,8 մլն դրամ:

 

Զեկուցվել է, որ մարզի համայնքներում ակտիվորեն շարունակվում են էլեկտրոնային համակարգերի ներդրման աշխատանքները: Ներկայումս մարզի 97 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված արդեն 84 համայնքում: Քննարկվել են նաև գյուղատնտեսության աջակցության պետական ծրագրերի իրականացմանն ու գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր, ինրպես նաև փոխվարչապետին տեղեկություններ է ներկայացվել մարզի մի շարք համայնքներում խորքային հորերի կոնսերվացման աշխատանքների մասին:

Նույն շարքից