ՀՀ ԱԺ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվում է 2019 թվականի բյուջեն, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ նշելով, որ իրենք որդեգրել են աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Նա նշեց, որ կարևորագույն պայման է համարվում անհատական ջանքը. «Երկրում չի կարող տեղի ունենալ փոփոխություններ, եթե դրա հիմքում ընկած չէ անհատական ջանքը: Երբ մենք ասում ենք, որ տնտեսական աճ է տեղի ունենալու, մենք չենք ասել, որ ինչ-որ տեղից պետք է գան ինչ-որ խորհրդավոր կազմակերպություններ և կատարեն ներդրումներ, մենք ի նկատի ունենք, որ յուրաքանչյուր անհատ պետք է ներգրավված լինի տնտեսության մեջ»:
Նա նշեց, որ պետք է ստեղծվեն պայմաններ, որ ամեն մարդ զբաղվի ինչ-որ բանով: Փաշինյանն ասաց, որ Հայաստանում չկան մենաշնորհներ, չի խոչընդոտվում գործարար մարդկանց գործունեությունը, ստեղծվում են բոլոր պայմաններն աշխատել ցանկացող մարդկանց համար. « Մեզ մեղադրում են նրա համար, որ թե իբր մենք ասում ենք մեր ժողովուրդը ծույլ է, մենք մեր ժողովրդին չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախկին իշխանություններին, որոնք խրախուսել են ծուլությունը: Մենք քաջալերելու ենք մեր քաղաքացիներին, որ վեր կենան, ուղղեն իրենց մեջքը և հավատան իրենց ուժերին, որ կարող են արդյունք ստեղծել»:
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև այն մասին, որ իրեն մեղադրում են նրանում, որ խորհուրդ է տալիս գյուղացուն ոչխար պահել՝ նշելով, որ բա ի՞նչ պետք է աներ, գյուղացուն հո չէր ասելու, թե գնա վիզդ ծուռ կանգնիր պատգամավորի տան դիմաց, որ մի օր խղճա, 3000 դրամ տա: Նա նշեց, որ ՀՀ քաղաքացին ոչ մեկի դռան առջև այլևս վիզը ծուռ չի կանգնելու: