Արմեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Նախորդ տարին ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից ՀՀ գործող վարչապետ Տ. Սարգսյանին ուղղված մասնագիտական-քննադատական ու անձնական-վիրավորական մեղադրանքներով: Այս ֆոնին ակտիվացած վերլուծաբանների մի մասի կարծիքով այդ միջնորդավորված քննադատության թիրախը հենց երկրի Նախագահ Ս. Սարգսյանն էր: Մի մասն էլ կարծում է, որ երկրորդ նախագահի նախաամանորյա ակտիվությունը ոչ այլ ինչ է, քան հստակ ակնարկ իր հնարավոր և այդքան շահարկվող վերադարձի վերաբերյալ: Հնչեցված մեղադրանքներին գործող վարչապետը պատասխանեց զուսպ ու չափավոր, ոմանց կարծիքով` զգուշավոր բացատրություններով ու արդարացումներով: Նոր տարին սկսվեց արդեն Ռ. Քոչարյանի կողմից առավել թիրախավորված ու առավել հարձակողական արտահայտություններով, ինչը շատերի կարծիքով հետախուզական բնույթ էր կրում և միտված էր իշխանական թևի թացն ու չորը ջրի երես հանելուն ու ՀՀԿ-ի տունը կռիվ գցելուն: Դրան ի պատասխան ՀՀԿ-ն կրկին անգամ հանդես եկավ վարչապետի մակարդակով, ով այս անգամ պատասխանը ձևակերպեց կրկին մասնագիտական լեզվով` պատկերավոր ու ծավալուն համադրումների և համեմատությունների տեսքով: Որպես հասարակական պահանջ առաջ քաշվեց ՀՀ երկրորդ նախագահի և ՀՀ գործող վարչապետի միջև հնարավոր բանավեճի տարբերակը, որը կարծես թե կմեղմեր հետզհետե թեժացող մթնոլորտն ու կտար հասարակության մոտ մութ մնացած անցյալի ու ներկայի բազմաթիվ հարցերի եթե ոչ սպառիչ, ապա հստակեցնող պատասխաններ: Ռ. Քոչարյանը չուզենալով անմիջականորեն բանավիճել իր իսկ կողմից «անհույս» հռչակված գործող վարչապետի հետ` ակամայից իր իսկ կողմից հրահրված փոխհրաձգության արդյունքում հայտնվեց վիրտուալ բանավեճի մեջ` էլիտար մակարդակի բերելով բանավեճի նոր` համացանցային ձևաչափը, որը գնալով վերածվում է «անհույս»-ների ու «ժամանակվերպ»-ների պատերազմի: Այս ամենի հետնաբեմում քաղաքական դաշտում նշմարվում են քաղաքական նոր սաղմնավորումների գործընթացներ, որտեղ ընդդիմադիր կեցվածքի ներքո հանդես եկող քաղաքական ուժերը կոնսոլիդացմանը զուգահեռ փորձում են առայժմ զգուշավոր կերպով ներգրավվել ինտրիգին, քանզի սխալվելը կարող է ճակատագրական լինել: Ինչևէ` բանավեճն այլևս մեկնարկած է»: