Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու համար հնարավոր տրվելիք մանդատը: Այսօր` նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք համարում են, որ ընտրություններում իրենց հիմնական մրցակիցը հենց Հանրապետականն է, որը պայքարում է միակ ընդդիմությունը լինելու համար:
Ավինյանը նշել է, որ մրցակցություն չի տեսնում ՀՀԿ-ի և իրենց միջև:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցադրմանը, թե ՔՊ-ի ինչին է պետք 85 տոկոս ձայնը, եթե միևնույնն է խորհրդարանի 2/3-ն է լինելու իրենց, Ավինյանը նշել է, որ ընտրությունների արդյունքները որոշելու է ժողովուրդը:
Ավինյանի խոսքերով, Հանրապետականը հիմա պետք է ընկալի, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել, և ամեն ինչ որոշում է ժողովուրդը:
Փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՔՊ-ի ցուցակը լինելու է բազմազան, ներառված են լինելու տարբեր հասարակական և քաղաքական գործիչներ, մասնագետներ տարբեր ոլորտներից և ինքը համոզված է, որ ունենալու են ուժեղ և կայացած խորհրդարան:
Ավինյանը խոսել է նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարության մասին, որ Նիկոլ Փաշինյանի գրիպ ընկնելու դեպքում բոլոր ՔՊ-ականները կկորեն: Փոխվարչապետը մասնավորապես հայտարարել է` վերջինս, ինչպես շատ հանրապետականները, ճիշտ չեն գնահատում իրավիճակը: