Հասարակություն 

Դա հողազավթման ամենակոպիտ տարբերակն էր․ Արթուր Մեսչյանը՝ Նոր Նորքում ապամոնտաժված շինության մասին

Տվյալ դեպքում դա հողազավթման ամենակոպիտ տարբերակն էր։ Կար հողազավթում, և կար ապօրինի շինարարություն։ Այն մասը, որը սեփականության տակ էր, ինչպես տեսաք չքանդվեց, քանդվեց այն մասը, որը կառուցած էր հողազավթված տարածքում։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում՝ խոսելով երեկ Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի 1/3 հասցեի հողամասում արված կառույցի ապամոնտաժման մասին հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ հավելելով, որ բազմիցս զգուշացվել է, որ պետք չէ ապօրինի շինարարություն անել․ «Ամեն ինչը չափ ունի, դուք մի կարծեք, որ ես մեծագույն երջանկությամբ եմ ընդունում, երբ բուլդոզերը խփում է պատին, պարզապես մի հասցրեք դրան։ Եվ վատը նա է, երբ որ ասվում է, որ ապօրինի շինարարությանը վերջ, դա հեռուստատեսային ծրագիր չի, դա շոու չի, ամեն մի ասած նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն։ Եվ ես ասել եմ, որ այս վայրկյանից, այն, ինչը որ կառուցվել է մինչև այսօր, այն ապօրինի շինարարությունը, որ կուտակվել է, դա ուրիշ խնդիր է, դա ուրիշ ծրագիր է։ Ես պատասխանատու եմ այն օրվանից, երբ սկսեցի զբաղվել այս պատասխանատվությամբ։ Այն քաղաքացին, որ այսօր պատրաստվում է ապօրինի շինարարություն անել, մի արա, այն քաղաքացին, որ պատրաստվում է հողազավթում անել, մի արեք, որովհետև դա չի օրինականացվելու ոչ մի դեպքում։ Բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես օրինականացումը վերանում է, ոչ, նման բան չկա, որովհետև ահռելի քանակով մարդիկ կան՝ ծանրագույն սոցիալական վիճակում, որ ժամանակին կարողացել են ինչ-որ բան կառուցել, որ ընտանիքը մեջն ապրի, և ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ այդ մարդկանց տները չօրինականացնել»։

Մեսչյանի խոսքերով կատարվել է ամենախայտառակը․ «Այն մարդիկ, ովքեր պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, քաջալերել են, և՛ ոստիկանությունը և՛ թաղապետարանները, բոլորը մեղավոր են նրա համար, ինչի առաջ կանգնած են Երևանի բնակիչները։ Քաղաքացիների մեղքն այդ ամենում երևի մի 20 տոկոսն է, մնացած 80-ը դա նրանք են, ովքեր պատասխանատու են ապօրինի շինարարության համար»։

Նա նաև ավելացրեց, որ նախկին փորձն իմանալով, կարող է ասել, որ իսկապես իրավիճակ է փոխվել․ «Ես խնդրում եմ, եթե որոշում եք շինարարություն անել, բոլոր հնարավորություններով մենք կօգնենք, կհեշտացնենք և կնպաստենք ամբողջ շինարարության պրոցեսին։ Ապօրինի մի արեք, տղերք, մենք ձեզ կօգնենք բոլոր հարցերով, որովհետև ավելի տրամաբանական ճանապարհ կա»։

Իսկ ինչ վերաբերում է նախկինում արված կառույցներին, Մեսչյանը հայտնեց, որ մեկ առ մեկ պետք է տարբերակներ մշակել․ «Այնպես չէ, որ մի դանակի հարվածով կարելի է բոլոր հարցերը լուծել, հազարավոր տարբերակներ կան։ Կան մարդիկ, ում անպայման պետք է ներել, կան մարդիկ, որոնց սարքածները պետք է անպայման քանդել, որովհետև այնպիսի լկտի բաներ են արվել, որի մասին ես հիմա հնարավորություն չունեմ խոսելու։ Հողազավթումը դա գողություն է երկրից, դա գողություն է մեր ունեցվածքից»։

Նույն շարքից