ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկություններ չունի այն մասին, որ մալաթիա Սեբաստիայում գործարար Սամվել Ալեքսանյանը պաշտպանելու է իր թեկնածությունը: Այս մասին նա խոսել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ինչ վերաբերում է ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը և նրան, որ Հանրապետականները խոսում են Հայաստանում այսօր բռնապետական դրսևորումների մասին Միրզոյանը հայտարարել է` եթե ինքը լիներ Հանրապետականի տեղը, քաղաքական գործողություններին մասնակցելու առումով դադար կվերցներ, քանի որ այսօր առկա բոլոր խնդիրները արևմատներով գնում են դեպի Հանրապետականի վարած քաղաքականությունը. «Բոլոր արատավոր երևույթների սկզբնաղբուրն իրենք են: Հիմա եկել խոսում են դիկտատուրայից: Այդ մարդիկ կամ որոշել են չառերեսվել իրողությունների հետ, կամ էլ շարունակում են մարդկանց խաբել: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է առհասարակ այսօր քվեարկել նրանց օգտին» :
Առաջին փոխվարչապետը խոսել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցի մասին` հայտարարելով, որ դեկտեմբերի 6-ին հերթական քննարկումն է լինելու հարցի շուրջ. «Այդ կազմակերպությունն ունի իր կանոնադրություն, որով պետք է քննարկել: Մենք համոզված ենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերապահված է Հայաստանին»:
Միրզոյանը համաձայն չէ, որ Հայաստանի դիրքերը երերում են ՀԱՊԿ-ում, պետք է կարծիք կազմել տասնյակ հարցերի վերլուծության արդյունքում: