Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող ՀՅԴ-ի ցանկը հրապարակվելու է վաղը:
Այսօր` նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել է նաև հետագայում հնարավոր կոալիցիաների մաս կազմելու մասին` հայտարարելով, որ Դաշնակցությունն այլևս մաս չի կազմելու կոալիցիաների, որտեղ իր ձայնը որոշիչ չի լինելու. «Սա մեր անցած ճանապարհի ամենագլխավոր գնահատականն է: Մենք հասել ենք լուրջ հաջողությունների, սակայն մնացել ենք նաև պատասխանատվության տակ, որի համար Դաշնակցությունն ուղղակի պատասխանատու չէ, որովհետև չի եղել անմիջական իշխանություն»:
Հարցին, արդյոք ինքն այս անգամ մտավախություն չունի, որ Դաշնակցությունը չի հայտնվի խորհրդարանում, Ռուստամյանը նշել է, որ գենետիկ հակադաշնակցականներից բացի, բոլորը մոտ են դաշնակցականների գաղափարներին. «Ի վերջո մենք զրոյից հանրապետություն ենք ստեղծել, որպես ժառանգություն ունենք երրորդ հանրապետությունը: Մենք ունենք լուրջ համակիրներ: Ամեն մեկին պետք է գնահատել անցած ճանապարհը գնահատելով, նկատի ունենալով: ՀՅԴ-ն մի կարևոր բանով տարբերվում է բոլորից` կայացած կուսակցություն է և ունի համահայկական բնույթ: Չեք կարող ցույց տալ մեկ այլ քաղաքական ուժ, որը կունենա իր մասնաճյուղերն այնտեղ, որտեղ հայեր կան: Ժողովուրդը դաշնակցության կարիքը միշտ ունի, որպեսզի զերծ մնա ցնցումներից: Դաշնակցության գոյությունը պայմանավորված չէ խորհրդարանում լինելուց, մենք եղել ենք, կանք ու կլինենք»:
ՀՅԴ-ականի խոսքերով, կան մարդիկ, ովքեր ազդվել են Խորհրդային միության 70 տարիների քարոզից, երբ Դաշնակցությունը ներկայացվել է որպես դավաճան, հողեր տվող և այլն. «Ես երբ փոքր ժամանակ չարաճճիություններ էի անում, մի բոլշևիկ հարևան ունեինք, ինձ ասում էր` ավազակ Նժդեհ: Հետո ամեն ինչ հասկացա»:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ուժերին, Ռուստամյանը կարծում է, որ այն դեռ պետք է բյուրեղանա: