Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ այցելել են Դամասկոս՝ Սիրիայի իշխանությունների հետ անվտանգության ոլորտի հարցեր քննարկելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Ես չեմ թվելու, թե որ երկրներից, սակայն այո, շատերն են այցելել Դամասկոս»,- հայտարարել է Միքդադը։
Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը հաղորդել էր, որ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները գաղտնի հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության ներկայացուցիչներին՝ Եվրոպայից Սիրիա մեկնած ծայրահեղականների հարցով։
Պարբերականի տվյալներով՝ եվրոպացիները ցանկացել են իմանալ՝ ո՞ղջ են արդյոք այդ մարդիկ, որտե՞ղ են գտնվում, ո՞ր խմբավորումների կազմում են, որպեսզի որոշեն, թե ինչ վտանգ են նրանք ներկայացնում իրենց երկրների համար։