Եթե անակնկալի եք սպասում, պետք է հիասթափեցնեմ: Այսօր` նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ, ընտրություններում կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանը` խոսելով խորհրդարանական ընտրություններում կուսակցության ցուցակի մասին: Մարուքյանը նշեց, որ իրենք ընտրություններին մասնակցում են իրենց բաժին պատասխանատվությունը ստանալու համար, իսկ թե ինչպես կորոշվի այդ պատասխանատվությունը` իշխանություն, թե ընդդիմություն, դա որոշելու է ՀՀ քաղաքացին. «Հենց գանք հասնենք խորհրդարան, առաջին նիստը լինի, ես կհայտարարեմ՝ իշխանություն ենք, թե` ընդդիմություն»:
ԵԼՔ խմբակցության պատգամավորի խոսքերով, իրենք պատրաստ են ցանկացած ֆորմատով ներդրում ունենալ Հայաստանի պետական շինարարության գործում, ինչպես միշտ արել են, իսկ մնացածի մասին խոսելու համար դեռ վաղ է. «Ինչ վերաբերում է Հանրապետականների հայտարարություններին, թե մենք 7 ամիս չենք քննադատել իշխանություններին, մենք 7 ամիս աջակցել ենք, որ հեղափոխությունը չվտանգվի, իսկ Հանրապետականը հակառակն է արել: Մենք պաշտպանել ենք հեղափոխության արժեքները, սակայն դա չի նշանակում, որ չունենք մեր առանձին տեսլականը»:
Հանրապետականի մասով Մարուքյանը կարծում է, որ դեռ 10 տարի պետք է անցնի, որ վերջիններս մի բան ասեն ու քաղաքացիները հավատան դրան, հիմա նման բան չկա. «Ես կարծում եմ, որ հանրապետականն անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունի»:
ԼՀԿ նախագահն արձագանքեց նաև Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, ով խաշի էր հրավիրել իրեն և ասել, որ հաշիվը կփակի նա, ով ավելի շատ ձայներ կստանա. «Սիրով կփակեմ այդ հաշիվը, որովհետև վստահ եմ, որ մենք ավելի շատ ձայներ ենք ստանալու»:
Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա Մարուքյանը հայտարարեց, որ այն լինելու է անկեղծ զրույց քաղաքացիների հետ: