Դրա մասին ես հետո կասեմ, այս պահին որևէ որոշում չկա: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` պատասխանելով հարցին, թե լինելու է արդյոք ՔՊ-ի ցուցակում խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Քաղաքապետը խոսեց նաև կարմիր գծերի մասին` հայտարարելով, որ ավտոկայանման խնդիրն ամբողջ Երևանում պետք է տոտալ կերպով վերանայել, գալ ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի երևանցիներին:
Ինչ վերաբերում է իր կադրային քաղաքականությանը, Մարությանը նշեց, որ հիմա աշխատող սրտի վրա աշխատանքներ են տարվում, վիրահատվում է աշխատող սիրտը. «Սիրտը մեր քաղաքն է, որպեսզի չկանգնի, պետք է նուրբ գործել: Փոփոխությունները լինելու են փուլերով: Եթե մեկ օրում բոլորին փոխենք, լուրջ խնդիր կունենանք: Նրանք, ովքեր մնացել են իրենց տեղերում, չի նշանակում, որ չեն փոփոխվելու: Ինչ վերաբերում է մասնավորապես Կամո Արեյանին, նա ունի ինստիտուցիոնալ մեծ հիշողություն, մեծ գիտելիքներ քաղաքի տնտեսության, կոմունալ մասով: Նա այդ գիտելիքները ծառայեցնում է ի նպաստ քաղաքացիների»:
Երևանի քաղաքապետը խոսեց նաև փողոցային առևտրի մասին` հայտարարելով, որ դա ապօրինի է. «Բայց հասկանալով մեր բնակիչների սոցիալական վիճակը` հարցը քննարկում ենք նրանց հետ»: