Թուրքական հետախուզությունը համոզված է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատվիրատուն կարող է լինել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Պարբերականը գրում է, որ տեղի ունեցածի մասին արքայազնին հայտնել է սաուդյան հետախուզության գնդապետ Մահեր Աբդուլազիզ Մութրեբը, ով գտնվել է հյուպատոսարանում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Թուրքական հատուկ ծառայությունների տրամադրության տակ հայտնված ձայնագրությունից կարելի է պարզել, որ հենց վերոնշյալ գնդապետն է զանգահարել արքայազնի օգնականներից մեկին և հայտնել, որ գործն արված է: Նա նաև պահանջել է, որ դրա մասին տեղյակ լինի Մոհամմեդ բեն Սալմանը:
Թուրք հետախույզների կարծիքը կիսում են ամերիկացի գործընկերները, ովքեր վստահ են, որ Խաշոգջիի սպանությունն իրականացրել է 15 հոգուց բաղկացած խումբը, որոնք Ստամբուլ են ուղարկվել հենց դրա համար: Մութրեբը ենթադրաբար եղել է այդ 15-ից մեկը: