Գլխավոր Հասարակություն 

Իրա ֆիլմերը լավ էլ նայում էինք, թող գնա իրա ֆիլմերը նկարի. Այս մարդը չի տիրապետում գործին. Քանդված շինության սեփականատերը՝ Հայկ Մարությանին

analitik.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ նոյեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի կողմից ապօրինաբար  քանդվեց Նոր Նորք Գյուրջյան փողոցի 1/3 հասցեի հողամասում արված կառույցը:

Analitik.am-ը  զրուցեց  շինության սեփականատեր Դավիթ Ահարոնյանի հետ, ով հայտնեց, որ Երևանի  քաղաքապետարանի կողմից տարածած հայտարարությունը կեղծ է  և չի համապատասխանում իրականությանը․ «Այն տեղեկությունները, որը տարածվում է լրատվականներում, թե իբր քանդված շինությունը գտնվել է համայնքային հողի մեջ՝ սուտ է, քանի որ այդ հողն ինձ են վարձակալության տված եղել, բայց այդ հողի վրա շինություն չեմ սարքել, որովհետև ես դեռ ահագին սեփական հող ունեմ, որտեղ կարող եմ շինություն սարքել՝ այսինքն, եթե ես սեփական հող ունեմ վարձակալած, քաղաքապետարանի հողի վրա ինչի՞ պետք է սարքեմ։ Մենք ունենք հակափաստարկներ  կադաստրից, Գեոդեզիայի վարչությունից, որ կոնկրետ այդ շինությունը մեր սեփական հողի վրա է։ Իսկ հիմա, որ գործը գտնվում է դատարանում, ու երբ դատն ավարտվի մեր օգտին, բնական է, որ իրենք չեն վճարելու փոխհատուցումը,  կասեն՝ դե պետբյուջեից է վճարվելու  կամ էլ քաղաքապետարանից մեկի վրա կբարդեն, կասեն՝ սխալ փաստաթուղթ է տվել»։

Ահարոնյանի պնդմամբ, այսօր քաղաքի շինությունների 70 տոկոսն ապօրինի է կամ ապօրինի զավթած հող ունի․ «Կոնկրետ քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ ես ոչ մի շինարարություն չեմ արել, բացի այդ, շինթույլտվության համար, երբ որ դիմում ես, պետական մուծումը մոտավոր 400 հազար դրամ է, կոնկրետ իմ քառակուսին, որովհետև քառակուսիից է կախված։ Եվ եթե ինձ օրինական թույլտվություն տային, որին ես կողմնակից եմ, ես 400 հազար դրամ կմուծեի ու վերջ, իսկ այսօր պետք է մուծեմ 100-120 միլիոն՝ այսինքն, ես ի վնաս ինձ ինչի՞ պետք է նման բան անեի»։

Ահարոնյանի խոսքերով, բազմիցս դիմել է շինթույլտվության համար, բայց մերժվել է, նա նաև ավելացրեց, որ այսօր ևս մերժման թուղթ է եկել․ «Ես քաղաքապետին էլ, թաղապետին էլ ասել եմ, որ օրինական թույլտվություն տան ես շինարարությունս անեմ, դրան զուգահեռ իմ կողմից մանկապարտեզ կսարքեմ, բայց քաղաքապետն ասաց, որ պետք չի, իսկ այդ պետք չի-ն ես իր պես պետք է մտածեմ, որ հասկանամ, թե ինչի պետք չի»։

Ինչ վերաբերում է ապամոնտաժմանը, Ահարանոյանը հայտնեց, որ քաղաքում եղել են կառույցներ, որոնց ապամոնտաժումը չի իրականացվել տրակտորով․ «Նախ, որ մարդու տունը գալիս են քանդելու, նախօրոք հարցնում են՝ տանը մարդ կա՞, թե՝ չկա, ապրանք ունե՞ս, թե՝ չունես, օրենքն է այդպես ասում։ Իսկ կոնկրետ իմ շինության ապամոնտաժումն իրականացվել է տրակտորի օգնությամբ, որը շատ վտանգավոր է, որովհետև այդ շինության ետնամասում բնակելի տուն է, իսկ կողքը խանութ, այնտեղ էլ չորս հոգի մարդ է աշխատում՝ այսինքն ես ի՞նչ երաշխավորություն ունեի, որ մարդիկ չէին տուժի։ Օրենք գոյություն ունի չէ՞, նման դեպքերում հարակից տարածքներում գտնվող մարդկանց տարհանում են, վերևի քարերը ձեռքով են հանում, ոչ թե այդ տարբերակով՝ գիշերով։ Այնտեղ երեք հազար դոլարի ապրանք կար, որը ես կարող էի հանել մինչև քանդելը, բայց չեն զգուշացրել, որ գնամ, հանեմ։ Անտրամաբանական գործողություններ են իրականացնում, խայտառակ վիճակ է տիրում քաղաքապետարանում։ Բացի այդ, ես չորս ամիս այդտեղ շինարարություն եմ արել, և ոչ մեկի հանգիստը չեմ խանգարել, ոչ մի բողոք չի եղել, հարևանների հետ խնդիր չեմ ունեցել»։

Սեփականատիրոջ խոսքերով, ինքը ևս ներդրող է, սակայն ներդրում անելը չի ստացվում հենց իրենց կողմից այդ թույլտվությունները չտրամադրելու պատճառով․ «Ամեն օր ասում են թող օտարերկրյա ներդրողներ գան, ո՞նց գան, մի ներդրող էլ ես եմ, ահագին հողատարածքներ ունեմ, պետք է շինարարություն անեմ, բայց ոչ մեկը չեմ կարողանում սարքել, որովհետև շինթույլտվություն չունեմ, դիմում եմ՝ մերժում են։ Երևան քաղաքում  արդեն վեց ամիս է  ոչ մեկի շինթույլտվություն չեն տվել, երբ որ նախկինների օրոք հազար հատ էին տալիս, նշանակում է մարդիկ խնդիր ունեն։ Ես չգիտեմ գոնե մեկին, ում գործը հիմա կանգնած չի։ Շինթույլտվություն չտալու արդյունքում ներկայումս ամեն թաղամասում հազարից ավել ապօրինի շինարարություն է եղել՝  այսինքն ուզած- չուզած մարդիկ գնում են այդ քայլին, որովհետև ընտանիք են պահում։ Հարցը միայն իմ շինությանը չի վերաբերում, հարցը գլոբալ է, որովհետև իմ պես շատերը կան»։

Ահարոնյանն անդրադարձավ նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից արված այն հայտարարություններին, որ պետք է անպայման դիմել թույլտվության համար․ «Գլխավոր ճարտարապետն ասում է՝ խնդրում ենք դիմեք մեզ, մենք ձեզ կօգնենք, ես էլ ասում եմ՝ հինգ հատ հողատարածք ունեմ, դիմում եմ՝ մերժում եք։ Ես հիմա առաջարկում եմ՝ թող մի հատ բազա հանեն, որտեղ կներկայացնեն, թե, օրինակ, այս ամիս քանի շինթույլտվություն են տվել, վստահ եմ, որ այդ բազայում մեկ թույլտվություն անգամ չի գտնվի։ Ի՞նչ է նշանակում՝ հիմա հեշտ է, դիմեք, կստանաք, բայց մարդը դիմել է ու մերժել են։ Իմ մոտ արդեն այնպիսի տպավորություն է, որ այն ժամանակ կարգին երկիր էր։ Հիմա ասում են՝ դե նոր է, չի տիրապետում գործին, ուրեմն շատ լավ, եթե չի տիրապետում, իրա ֆիլմերը լավ էլ նայում էինք, թող գնա, իրա ֆիլմերը նկարի, մենք էլ նայենք, ուրախանանք, շատ էլ, որ տվել են այդ պաշտոնը, ուրեմն պետք է վազես, վերցնե՞ս։ Կամ, օրինակ, Տարոն Մարգարյանի օրոք կառուցված այգին, որ վերջերս գնաց բացման արարողությանը մասնակցեց, բոլորը ծափահարեցին։ Լավ, բա այդ ինչո՞ւ էր, որ այդ այգու  շինարարությունը դեռ չսկսած իրենց կողմից ակտիվիստներ ուղարկեցին, պոկեցին, ջարդեցին ամբողջ շինհրապարակի ապրանքը, հիմա էլ գնացել այդ նույն այգու բացումն է անում։ Խայտառակ վիճակ է»։

Նույն շարքից