Ռոմանտիկ տրամադրություն է այսօր, կարծեք թե վերջին զանգի։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ դժվար է ընդունել այն նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրոհվում, անհետանում են, այլ փորձում են ինստիտուցիոնալ հիշողություն պահել քաղաքական դաշտում՝ ստեղծելով ավանդույթներ քաղաքական համակարգի կայացման համար․ «Կարծում եմ, որ հանրապետական կուսակցության մասնակցությունն իրականում նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը Հայաստանում, որովհետև և՛ մեր գիտելիքները, և՛ մեր սխալները, և՛ մեր փորձը կարող են շատ թանկ պաշար լինել նաև այս իշխանությունների համար։ Ես հույս ունեմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան խորհրդարանում տեսնել քաղաքական գործիչների, որոնք ունեն գործադիր իշխանության փորձ, երկիրը ներկայացնելու փորձ, նաև հնարավորություններ, մտավոր կարողություններ աշխատելու նաև այս իշխանությունների հետ»։
Աշոտյանն անդրադարձավ նաև փոխվարչապետերի այն հայտարարություններին, որ իրենք մրցակիցներ չունեն․ «Նայում եմ փոխվարչապետերի հարցազրույցները, մեկը մյուսից ընտիր է։ Ասում են՝ մենք մրցակիցներ չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չի, մյուսն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք, տղերք, նորից ասեմ՝ մի կրկնեք մեր սխալները, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից, մի արեք դա, միայն ԿԳ նախարարը բարեկիրթ գտնվեց՝ ասաց, որ բոլորն են մեզ մրցակից։
Ախր, եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի ստվերի տակ, հիշե՛ք, եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի դուխով կեպկեն, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք մեկ է 80 տոկոս ձայն եք հավաքելու, իսկ եթե ռեյտինգայինում՝ այնտեղ, որտեղ ես եմ դնում, դնի ոչ թե կոնկրետ ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, դուք էլի առաջին տեղն եք գրավելու։
Այս նիկոլոմանիայի պտուղներից օգտվեք, բայց մի թափահարեք, դուք ունեք գուցե լումա, բայց ոչ այնքան լումա, որ կարողանաք այդ քաղաքական ժառանգությունը վերագրել ձեզ»։