Մեր երկիրը թևակոխում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների փուլ, և ակնհայտ է, որ դրանք հապճեպ ընտրություններ են, որոնք չեն խոսում քաղաքական համակարգի առողջացման և հավասար հնարավորությունների մասին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ կան գործիչներ, որոնք քննադատում են ՀՀԿ-ին՝ ընտրությունները չբոյկոտելու և Փաշինյանի ապագա իշխանությունը լեգիտիմացնելու համար․ «Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների դեմ հանդիման, այս պայմաններում չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետևաբար, նաև ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով: Մենք ամեն ինչ անելու ենք, որ դիմակայենք այդ մարտահրավերներին, զերծ պահելով Հայաստանը և Արցախը հնարավոր բոլոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեհ է ամեն ինչից: ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին՝ իրական ընդդիմություն, այլ ոչ թե շինծու կամ նշանակովի ընդդիմություն լինելու համար, և մենք պատրաստվում ենք ձևավորել իրական 2-րդ բևեռը»:
Շարմազանովն ավելացրեց նաև, որ անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որը մատնանշի իշխանության թերություններն ու սխալները, նրան զերծ պահելով երկրի համար ճակատագրական սխալներից․ «Այս 6 ասմիսների ընթացքում ականատես եղանք ստերի բացահայտման մի ողջ շարանի, Փաշինյանի խոստացած թռիչքային զարգացման փոխարեն, ստացանք տնտեսական աճի տեմպերի նվազում, դրա վառ ապացույցը բյուջեում 4.9 տնտեսական աճն է, նախորդ 6.5-ի փոխարեն: Մենք ստացանք ներդրումների կտրուկ նվազում՝ 11 անգամ, առաջին եռամսյակում 100 միլիոն, երկրորդ եռամսյակում 9 միլիոն: Մենք տեսախցիկների և կարմիր գծերի հանելու փոխարեն ստացանք տեսախցիկների ավելացում և կարմիր գծերի պահպանում: Աշխատատեղեր բացելու փոխարեն, ստացանք դրանց հնարավոր նվազում, դրա վառ ապացույցն Ալավերդիի պղնձաձուլարանն է, որտեղ աշխատանքը կորցնելու վտանգի առջև կանգնած են շուրջ 600 քաղաքացի: Փաշինյանի խոստացած ժողովրդավարության փոխարեն ստացանք ասֆալտին փռելու, ԱԱԾ-ով վախեցնելու, մտածել նոր խոսելու կոչեր, ազգային և քրիստոնեական արժեքներն ամրապնդելու փոխարեն ստացանք հարձակում Վեհարանի և Վեհափառի վրա, Շուռնուխ ու համասեռամոլության քարոզ և ոստիկանությունում, համասեռամոլների կողմից լկտի պահվածք: Մեր դիրքերը ՀԱՊԿ-ում ամրապնդելու փոխարեն՝ գոնե այս պահին, զրկվեցինք գլխավոր քարտուղարի պաշտոնից, իսկ ես՝ միամիտ Լոռեցիս, ակնկալում էի, որ Փաշինյանը ծննդյանս օրն ինձ նվեր կանի, բայց չարեց»:
Շարմազանովը շեշտեց, որ առաջադրվելու է, թե՛ ՀՀԿ կուսակցության համապետական ցուցակով , թե՛ Լոռու մարզում․ «Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, ովքեր դեմ են աղանդավորությանը, պղծությանն ու համասեռամոլությանը, կոռումպացված պաշտոնյաներին քարոզին, ովքեր կողմ են ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ազգային ավանդական արժեքներին և Արցախյան հարցում հայանպաստ լուծման, ձայն տալ ՀՀԿ կուսակցությանը և մեր թիմին»: