Հասարակություն 

ԼԳԲՏ ֆորումը ոստիկանությունը ոչ թե արգելել է, այլ խորհրդատվություն է տրամադրել կազմակերպիչներին․ Վալերիյ Օսիպյան

Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Միավորված ազգերի կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Կլեման Նյալետոսսի Վուլեն։

Վալերիյ Օսիպյանը, ողջունելով հյուրերին, բարձր գնահատեց նրանց գործունեությունը Հայաստանում՝ պատրաստակամություն հայտնելով համագործակցային դաշտն ավելի ընդլայնելու և զարգացնելու։

Հատուկ զեկուցողը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակությանը հետաքրքրող հարցերը։

Կլեման Նյալետտոսի Վուլեն տեղեկացրեց, որ հետևել է ապրիլ-մայիս ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ բարձր գնահատելով այդ օրերին Հայաստանի ոստիկանության գործողությունները, որոնք նպաստել են քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը։ Պատվիրակությանը կոնկրետ հետաքրքրում էր՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել, ի՞նչ մեխանիզմներ է կիրառել և կիրառելու Հայաստանի ոստիկանությունն այդ առումով։

Վալերիյ Օսիպյանն ընդգծեց, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է և ծառայում է ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին և, ինչպես ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների օրերին, այնպես էլ այսօր գործում է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ առաջնորդվելով իրավունքի հիմնարար սկզբունքներով։

Պատվիրակներին հետաքրքրքրում էր նաև՝ Հայաստանի ոստիկանությունը վերազինվա՞ծ է հատուկ միջոցներով, թե՝ ոչ, և իրավախախտ կանանց նկատմամբ ինչպիսի վերաբերմունք է դրսևորվում։ Վալերիյ Օսիպյանը, պատասխանելով հարցերին, մասնավորապես նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը ոչ միայն ունի հատուկ միջոցներ, այլև դրանք կիրառվում են հատուկ մասնագիտական պատրաստություն անցած և պարբերաբար վերապատրաստվող ոստիկանների կողմից, որոնք տիրապետում են նաև առաջին բուժօգնության հմտություններին,- ներկայացրեց Վալերիյ Օսիպյանը։

Կլեմեն Նյալետոսի Վուլեին հետաքրքրում էր նաև ԼԳԲՏ չկայացած ֆորումի վերաբերյալ ոստիկանության դիրքորոշումը։ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ Հայաստանի ոստիկանությունը վերջին ամիսներին ապացուցել է հասարակական մեծամասշտաբ իրադարձությունների ժամանակ մասնակիցների անվտանգությունն ապահովելու կարողությունն ու պրոֆեսիոնալիզմը և պատրաստակամ է ապահովելու ցանակացած բնույթի հավաքի խաղաղ անցկացումը, իսկ ֆորումը ոստիկանությունը ոչ թե արգելել է, այլ խորհրդատվություն է տրամադրել կազմակերպիչներին՝ նկատի ունենալով անվտանգության ապահովման առանձնահատկությունները։

«Մենք առաջնորդվում ենք խտրականության բացառման և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներով»- ամփոփեց Հայաստանի ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը։

Նույն շարքից