ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ, իրանագետ Վարդան Ոսկանյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե հայկական կողմը չի օգտագործում Իրանի հետ հարաբերությունների ամբողջ պոտենցիալը՝ պասիվություն դրսևորելով հատկապես էներգետիկ ռեսուրսներից օգտվելու հարցում։
«Չեմ կարծում թե Հայաստանը հապաղում է, և չի օգտագործում Իրանի հետ ունեցած հարաբերությունների պոտենցիալի առնվազն զգալի մասը։ Որոշակի խնդիրներ կան՝ սանկցիաների հետ կապված և մի քանի դրույթների նկատմամբ պատժամիջոցները Իրանի նկատմամբ դեռևս չեն վերացվել։ Այսքանով հանդերձ էլ , եթե 2012-13թթ.-ի տնտեսական հարաբերությունների մասով դիտարկենք, ապա կտեսնենք, որ ապրանքաշրջանառության ծավալները բավական ավելացել են, որը չնայած առանձնապես խոշոր թիվ չէ՝ հաշվի առնելով Իրանի պես խոշոր երկրի հնարավորությունները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Իսկ Իրանը՝ որպես երկրորդ էներգառեսուսների երկիր դիտարկելուց առաջ, իրանագետը խնդրում է չմոռանալ երկրների կորպորատիվ շահերը։
«Կան ազգային շահեր, տրանսկորպորացիաների շահեր և շատ անգամ, օրինակ, նույն Ադրբեջանը չի կարողանում շրջանցել «Բրիթիշ Փեթրոլիումի» շահերը։ Նմանատիպ խոշոր տրանսկորպորացիա է նաև «Գազպրոմը» և «Գազպրոմի» հետ է հայտնի ասույթը, որ ոչ թե Ռուսաստանն ունի «Գազպրոմ», այլ «Գազպրոմն» ունի Ռուսաստան, դրանք այս տարբերակում էլ նկատելի են։ Այնպես որ պատճառներն օբյեկտիվ են»,- ասաց նա։
Վարդան Ոսկանյանը ամեն դեպքում նկատում է, որ Հայաստանի պարագայում հայ-իրանական հարաբերությունները օբյեկտիվորեն չեն կարող վատ լինել այնպես, ինչպես Իրան-Ադրբեջան հարաբերությունները օբյեկտիվորեն չեն կարող լավ լինել։ «Հայաստանի հետ հարաբերություններն ունեն հետաքրքիր ասպեկտ»,- նշեց նա։