Իմ քայլը դաշինքի ցուցակը կազմելիս որևիցե որոշում չի կայացվել` դրդված խնամի-ծանոթ-բարեկամ սկբունքից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանի խոսքերով, եթե ինչ-որ մարդիկ էլ ցուցակում լինեն, որոնց կարելի է ինչ-որ կերպ կապել ինչ-որ մեկի հետ, նրանք կլինեն ռեյտինգային ընտրակարգում, ու նրանց անցնել-չանցնելու հարցը որոշելու են քաղաքացիները:
Հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել թեկնածուները, Սիմոնյանը նշել է, որ վերջիններս նախ դիմել են, հետո կուսակցության վարչության անդամներն առաջարկություններով են հանդես եկել, թեկնածուների հետ հարցազրույցներ են տեղի ունեցել, օրեր շարունակ հանդիպումներ ու քննարկումներ են եղել, ինչի արդյունքում էլ կազմվել է ցուցակը:
Սիմոնյանի խոսքերով, եղել են նաև դեպքեր, որոնք իրենք են դիմել որևէ մեկին և փոխադարձ համաձայնության արդյունքում վերջինս ընդգրկվել է ցուցակում:
Պատգամավորի խոսքերով, եզակի դեպք է տեղի ունեցել, ցուցակը կազմելիս բուռն քննարկումներ, վեճեր չեն եղել, իսկ այն կազմելուց հետո, երբ եղել է վերջնական քննարկումը, չնչին փոփոխություններ են տեղի ունեցել:
Ինչ վերաբերում է Հանրապետականի ցուցակին, Սիմոնյանը նշել է` յուրաքանչյուր քաղաքացի, ով կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին, իսկ Սերժ Սարգսյանի շանսերն ինքը գնահատում է զրոյական:
Սիմոնյանը նաև հայտնել է, որ Իմ քայլը դաշինքի կարգախոսը ևս ընտրվել է, սակայն դեռ չի կարող ասել այն: