Հասարակություն Իրավական 

Բացահայտվել է Երևանում 34-ամյա քաղաքացու սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է 1984 թ․ ծնված տղամարդու սպանության դեպքի հանգամանքները։ Մեղադրանք է առաջադրվել 1982 թ․ ծնված քաղաքացու։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թ․ նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ․Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984 թ․ ծնված Ս․Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է։

Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 10 4-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նույն շարքից