Վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցում մի քանի օր է երեխաներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում:
Տեղեկությունների համաձայն, նրանք պահանջում են, որպեսզի Արմավիրի մարզպետը, մինչ նոր ընտրությունները, նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը չեղյալ հայտարարի:
Analitik.am-ը զրուցեց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, ով ասաց, որ սուտ տեղեկատվություն տարածելու պատճառով է այդ ամենը սկսվել, և ըստ իր տեղեկությունների դասերը նորմալ հունով են ընթանում, իսկ խնդիրը լուծված է։
Մարզպետի խոսքերով, Դաշտ դպրոցի նախկին տնօրեն Սուսան Նազարյանի պաշտոնավարման 5 տարին լրանալու պես, օրենքի սահմանված կարգով, պետք է նշանակվեր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար. «Սուսան Նազարյանը մտածել է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ինքն է նշանակվել, չնայած նման տեղեկատվություն և փաստ գոյություն չունի, որովհետև ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստորագրել: Կամ այն, որ ըստ Նազարյանի, տնօրենի համար կազմակերպված մրցույթի ընթացքը կանխել եմ, բայց նման բան լինել չի կարող, որովհետև, եթե մրցույթը հայտարարվել է, ուրեմն դա պետք է տեղի ունենա»:
Մեզ հետ զրույցում պարոն Մաթևոսյանը նշեց նաև, որ ուսուցչական կազմի 19 ուսուցիչներից 17-ը ստորագրահավաք են իրականացրել, և գնացել են մարզպետարան, իր հետ հանդիպման. «Բոլորի հետ զրուցել եմ, և նրանք այս խնդրի վերաբերյալ կարծիք հայտնելով, ասացին, որ չեն ուզում Սուսան Նազարյանը նշանակվի տնօրեն, իսկ Նազարյանի կողմակիցներն էլ իրենց կողմը ներկայացնելով, ուզում էին, որ նա նշանակվի ժամանակավոր պաշտոնակատար: Չնայած իմ հորդորներին, որ ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքը տևում է ընդամենը 3 ամիս, և պետք չէ դրա համար մեծ աղմուկ բարձրացնել, նրանք չլսեցին, և ես ստիպված նշանակեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ով ոչ մի կողմերին էլ չի ներկայացնում»:
Մարզպետի փոխանցմամբ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը 3 ամիս ժամկետով կաշխատի, այնուհետև, կլինի տնօրենի մրցույթը, և օրենքի սահմանված կարգով լավագույնը կընդունվի տնօրեն․ «Ես ամենաշատը զարմացա, որ լրատվականներն էին տեղեկություն տարածել այն մասին, որ ես Սուսան Նազարյանին աշխատանքից հեռացրել եմ, և ամենաառաջին ապատեղեկատվությունը հենց սա էր: Ես ընդհանրապես աշխատանքից ազատումներ չեմ արել, պարզապես 5 տարին լրացել է, նրա աշխատելու լիազորությունները դադարել են, օրենքով սահմանված կարգով նշանակել եմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հաշվի առնելով, որ կա հակասական 2 կողմ, նշանակել եմ չեզոք անձի, ով մանկավարժ է, և վստահ եմ, որ այս հարցը կկարգավորի: Իմ համար առաջնային խնդիրն այն է, որ կրթական պրոցեսը չընդհատվի: Ես բոլոր կողմերի հետ հանդիպում եմ ունեցել, բացատրել եմ կարգը, բայց ցավոք սրտի, դրա հաջորդ օրն այդ խնդիրը եղավ»:
Մաթևոսյանը նշեց նաև, որ վերջերս տեղեկություններ են տարածվել, որ նա ընտրությունների համար լծակներ է օգտագործել. «Ուզում եմ ասել, որ դա հերթական ապատեղեկատվությունն է, որովհետև մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումներ եմ ունեցել և հստակ հրահանգավորումներ եմ տվել այն մասին, որ ընտրությունների ժամանակ ոչ մի լծակ չպետք է օգտագործվի: Ես չեմ կարող օրինակ չծառայել իմ գործընկերներին»:
Օֆելի Իսրայելյան