Առողջապահություն Հասարակություն 

Մեղրու բժշկական կենտրոնն արդեն իսկ կիրառում է ռենտգեն ժապավենների սկաները

analitik.am

Հուլիսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզի Մեղրու բժշկական կենտրոն, ծանոթացել հաստատության պայմաններին, մատուցվող ծառայություններին և առկա խնդիրներին:

Բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը ներկայացրել է կազմակերպության հնարավորությունները և կարևորել ռենտգեն ժապավենների թվայնացման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կընձեռի բոլոր խնդրահարույց դեպքերը քննարկել հանրապետության այլ մասնագետների հետ, որը կնպաստի ծառայությունների մատուցման որակի բարելավմանը:

Բարձրացված հարցի առնչությամբ վարչապետը հանձնարարել է գտնել լուծում, ինչի կապակցությամբ առողջապահության նախարարի մոտ կազմակերպվել են քննարկումներ:

Օգոստոսի 25-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հայկ Սայադյանի Մեղրու բժշկական կենտրոն այցի ժամանակ, տեղում ուսումնասիրելով պահանջարկը, որոշում է ընդունվել կազմակերպությանը ռենտգեն ժապավենների սկաներ տրամադրելու վերաբերյալ:

Սարքը ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ են տարվել Համաշխարհային բանկի հետ: Արդյունքում այն գնվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում և նոյեմբերի 10-ին հատկացվել Մեղրու բժշկական կենտրոնին:

Կենտրոնն արդեն իսկ կիրառում է սկաները, և թվայնացված պատկերներն ուղարկվում են համապատասխան մասնագետների դիտարկմանը:

 

Նույն շարքից