Մենք` որպես հեղափոխական թիմ, ընտրություններին կմասնակցենք Իմ քայլը դաշինքով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ՔՊ խոսնակ Վահան Կոստանյանը` հավելելով, որ ցուցակում կա 183 անուն:
Կոստանյանը նշեց, որ ցուցակում տեղ են գտել ինչպես ՔՊ-ականներ, այնպես էլ անկուսակցականներ: Ցուցակում են նաև նախկին ՀՀԿ-ականներ Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ սկզբունքով է կազմվել ցուցակը, ՔՊ խոսնակն ասաց, որ հաշվի են առել մարդկանց անցած ճանապարհը, ինչպես նաև այն, թե կարող է արդյոք տվյալ թեկնածուն կատարել պատգամավորի պարտականությունները, թե` ոչ:
Կոստանյանի խոսքերով, տրամաբանական է նաև այն, որ ցուցակում լրագրողներ կան, ովքեր երկար տարիներ լուսաբանել են քաղաքական գործընթացները, իսկ հիմա արդեն իրենք կսկսեն զբաղվել քաղաքականությամբ:
Կոստանյանը խոսեց նաև այն մասին, թե ինչ մասնակցություն են ունենալու ընտրություններին ՀՀԿ-ն լքած գործարար պատգամավորները` հայտարարելով, որ վերջիններս մյուս քաղաքացիների նման կարող են գնալ ու մասնակցել ընտրություններին, քվեարկել` իրենց ձայնը տալով այս կամ այն ուժին, որևէ հորդոր կամ կոչ այդ մասով չի եղել: