Տարատեսակ տոտոներն ու վիվարոները ՀՀ-ում քաղցկեղ են, չարիք են, և դրանց գործունեությունը պետք է օրենքով արգելել։ Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խորհրդարանում, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի կողմից ներկայացված վիճակախաղերի մասին ՀՀ օրենքի ուժը կորցրած ճանաչելու մասին, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, օրենքների և նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ դրան կա համահայաստանյան համաձայնություն, և որ հասարակության 99,9 տոկոսն այս հարցում ունի համաձայնություն․ «Բոլոր նրանք, ովքեր վիճարկում են իմ բերված վիճակագրական տվյալների ճշմարտացիությունը, առաջարկում եմ նախընտրական քարոզարշավի ժամանակ, ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժի կողմից, տվյալ դեպքում իշխող քաղաքական ուժի կողմից այս հարցը դարձնել քննարկման առարկա հանրահավաքներից մեկում»։
Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս տարբեր առիթներով անդրադառնալով այս հարցին միանգամայն ճիշտ է նկատել , որ ամբողջ մի ժողովուրդ ներքաշել համազգային ղումարբազության մեջ, դա ոչ միայն սխալ է տնտեսական զարգացման մոդելի տեսանկյունից, այլ անդառնալի կորուստներ է հասցնում ժողովրդի բարոյահոգեբանական նկարագրին․ «Տարբեր ժամանակներում, ցավոք սրտի, տարբեր կառավարություններ միշտ որոշակի պատճառաբանություններ են բերել, թե ինչու Հայաստանում այդ վիճակախաղերի գործունեությունը սխալ կլինի արգելել օրենքով»։
Ըստ պատգամավորի Հայաստանը մոլախաղերի կամ վիճակաղերի տեսանկյունից գտնվում է ռիսկային գոտում․ «ՀՀ-ում, ցավոք սրտի, տոտալիզատորների մատչելիությունը բացառիկ է, չեք գտնի որևէ քաղաք, մարզ, գյուղ, բնակավայր, թաղամաս, որտեղ նման գրասենյակներ չկան, և եթե այս ամենին հավելենք սմարթֆոնների տարածումը և ինտերնետի տոտալ դոմինանտությունը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում անչափահաս քաղաքացիներն ունեն հնարավորություն օգտվելու դրանց ինտերնետ հավելվածներից, ապա այստեղ միանշանակ պարզ է դառնում, որ այսպես ասած այդ չարիքի հասանելիությունը հարյուր տոկոսով երաշխավորված է»։
Ֆարմանյանի խոսքերով չի կարող իրեն հարգող պետությունը տնտեսական աճի կառուցվածքում տեղադրել վիճակախաղերից ստացվող շահույթը․ «Սա անարգանք է սեփական պետության ապագայի նկատմամբ, քանի որ պետությունը չի կարող սպասել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որ արձանագրի տնտեսական աճ։ Իսկ բոլոր այն միլիարդավոր դրամները, որը մեր հայրենակիցներն ուղղում են այդ շուկա, դա տնտեսագետներն անվանում են կույր կամ կորած միջոցներ, որովհետև այն միջոցները, որոնք ուղղվում է վիճակախաղի շուկա որևէ կերպ չեն նպաստում տնտեսական լրացուցիչ արդյունքի ստեղծմանը։ Իսկ բարոյահոգեբանական կողմի մասին ես ուղղակի ցանկանում եմ լռել։ Ինչպես հասկանանք այն, երբ հեռուստատեսությամբ քարոզվում է, որ մանուկ երեխան չինգաչունգ խաղալով՝ վիճակախաղի միջոցով կարող է դառնալ հարուստ մարդ»։