Այսօր` նոյեմբերի 14-ին, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը, դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, հիշեցրեց այն մասին, որ վերջինս Խնկո Ապոր գրադարանում կարդացել է իր հեղինակած Չար տնակի հեքիաթը: Սարգսյանը ցանկացավ իմանալ` ճիշտ են արդյոք երեխաները, որոնց կարծիքով հեքիաթում կուղբի կերպարը հենց իր կերպարն է, իսկ չար տնակը հանրապետականն է:
Փաշինյանը նշեց, որ հեքիաթի մասին կարելի է շատ բան խոսել, որովհետև ժամանակաշրջանն արդեն իսկ հուշում է, որ ինքն այդ ժամանակ մտածում էր առաջիկա անելիքների մասին. «Այո, այնտեղ կան այլաբանություններ, դրանք շատ ուղղակի չեն, բայց կան նաև ուղղակիները: Կան ավելի շատ ինստիտուցիոնալ այլաբանություններ»:
Փաշինյանը նշեց, որ չար տնակը պայմանական ասած կաբինետն է, որը հաճախ սովորություն ունի կլանել մարդկանց, ջնջել հիշողությունը, արժեզրկել նրանց արժեքները. «Անկեղծ ասած, չար տնակ ասելով ես նկատի եմ ունեցել ՀՀ Ազգային ժողովը: Քանի որ ես այդ ժամանակ մտածում էի առաջիկա անելիքների մասին, մտածում էի, որ ԱԺ խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, ուտում է իմ արժեքները, շեղում է ինձ իմ քաղաքական առաքելություններից: Ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի ճիրաններից դուրս պրծնել և վերադառնալ այն առաքելությանը, որով ես սկսել եմ: Ես հույս ունեմ, որ ՀՀ վարչապետի կաբինետն այդպիսի դերակատարում չի ունենա: Այս գիրքը միշտ իմ աշխատասենյակի սեղանին դրված է, նաև գուցե այն պատճառով, որ վարչապետի աշխատասենյակն ավելի հզոր չգտնվի, քան այն արժեքները, որոնց ես հավատում եմ և որոնք ավելի կարևոր են»: