Քաղաքական 

ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում է ունեցել Իչիկավա Մասակազուի հետ

Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Տոկիոյում գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հունվարի 14-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության փոխնախագահ Իչիկավա Մասակազուի հետ, որի ընթացքում քննարկվել ենն Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Սերգեյ Մանասարյանի հաջորդ հանդիպումը Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի  հետ էր: Հանդիպմանը կողմերն  անդրադարձել են հայ-ճապոնական խորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերին՝ կարեւորելով Ճապոնիա-Հայաստան բարեկամական խմբի վերջնական կազմավորումն ու փոխայցելությունների իրականացումը:

Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական փոխնախարար Հիրոտակա Իշիհարայի  հետ կայացած հանդիպմանը երկուստեք արդյունավետ գնահատվել են Հայաստանի եւ Ճապոնիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացված քաղաքական խորհրդակցությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել այսուհետ եւս շարունակել համագործակցությունը հայ-ճապոնական հագեցած օրակարգի ձեւավորման եւ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Նույն շարքից