Թուրքիայում «մեծ կաշառք» գործողության 2-րդ փուլում 45 կասկածյալի նկատմամբ կայացրած ձերբակալման որոշումները նոր պաշտոնի նշանակված դատախազները չեղյալ են հայտարարել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ 2013-ի դեկտեմբերի 17-ին «Մեծ կաշառք» գործողությունը սկսած դատախազներին աշխատանքից հեռացնելուց հետո նոր նշանակված դատախազները չեղյալ են հայտարարել «Մեծ կաշառքի» 2-րդ փուլում 45 կասկածյալի նկատմամբ նախորդ դատախազների կայացրած ձերբակալման որոշումները։ Ձերբակալման որոշում է եղել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի նկատմամբ։ Թեեւ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հերքել էր Էրդողանի որդու նկատմամբ ձերբակալման որոշման մասին տեղեկությունը։
Նշենք, որ «Մեծ կաշառք» գործողության 2-րդ փուլը սկսվել էր 2013-ի դեկտեմբերի 25-ին, սակայն այդ ժամանակ իշխանություններն աշխատանքից հեռացնում էին բազմաթիվ ոստիկանների եւ դատախազների, ինչի հետեւանքով ձերբակալություններն ու խուզարկությունները տեղի չեն ունեցել։