Քաղաքական 

Արմեն Աշոտյանն առաջարկում է անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկել է անվանափոխել Հայաստանի Հանրապետությունը: Նախարարը Facebook-ի իր էջում գրել է. «Անհամեստություն չթվա, բայց իմ վերջին ասուլիսը համարում եմ բավականին հաջողված եւ հետաքրքիր: Հնչեցին կարծիքներ թե կրթության եւ գիտության ոլորտների զարգացումների, խնդիրների եւ անելիքների, թե քաղաքական վերջին իրադարձությունների մասին: Շնորհակալ եմ լրագրողներին, որ ակտիվորեն լուսաբանեցին այն: Սակայն, ըստ իս, մի հետաքրքիր առաջարկ դուրս մնաց լրահոսից: Խոսքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների մասին է:

Հանրային քննարկումներն առավել կենտրոնացել են Հայաստանի քաղաքական եւ կառավարման համակարգերի փոփոխությունների վրա: Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան եւ հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաեւ արտաքին քաղաքական դաշտում: Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության եւ պահանջատիրության դիտանկյունից:

Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արեւելյան Հայաստանի Հանրապետություն: Այս առաջարկս հնչեցրել եմ դեռեւս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմնադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է: Շնորհակալ կլինեմ կարծիքների համար»:

Նույն շարքից