Քաղաքականություն 

Եղել է չակերտավոր ասողների ինստիտուտը, ովքեր ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել․ Նիկոլ Փաշինյան

Մենք լիարժեք թևակոխել ենք նախընտրական փուլ, ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը և ըստ էության ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը։ Այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խնդիր է դրվել երրորդ Հանրապետության պատմության ամենորակյալ և լավագույն ընտրություններն անցկացնել․ «Ես կարծում եմ, որ այս նշաձողը պետք է բարձրացնել ոչ թե երրորդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունն անցկացնել, այլ պետք է անցկացնենք ընտրություններ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան»։

Փաշինյանը հիշեցրեց, երեկ, Ազգային ժողովում իր կողմից արված այն հայտարարությունը, որ պետք է այս ընտրություններում բացառել վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտն ամբողջովին ներքաշվում է քաղաքական և քարոզչական պրոցեսների մեջ․ «Պետք է լիարժեքորեն բացառել, և այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ որ վարչական կամ սուբորդինացիոն լծակներն օգտագործվում են այս կամ այն ուղղությամբ ուղորդելու։ Մեր ընտրություններում միշտ եղել է չակերտավոր ասողների ինստիտուտը, ովքեր ասում են, թե ում օգտին պետք է քվեարկել, այդ երևույթը պետք է իսպառ բացառել և ընտրողների որոշումները պետք է ձևավորվեն քարոզչական, քաղաքական բովանդակության արդյունքում։ Ընտրողը պետք է հետևի քարոզարշավին, քարոզչությանը, ներգրավվի, դառնա քաղաքական բովանդակության մասնակից, և ըստ այդմ, որոշում կայացնի, թե ում օգտին է ուզում քվեարկել։ Եվ իհարկե, ընտորությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես ընտրողի կատարած քվերակության արդյունքներով։ Մենք այս ընտրություններում պետք է բացառենք մի քվեաթերթիկի, ինչպես ընդունված է ասել սխալ տրցակում տեղադրելը, ընդ որում, ոչ միայն միջկուսակցական ֆորմատով, այլ նաև ներկուսակցական ֆորմատով, քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջև, այլև նույն կուսակցության ներսում՝ տարբեր թեկնածուների միջև, և պետք է բացառել որևէ նման երևույթ։ Մենք հստակ և խիստ ուղերձ պետք է հղենք, որ նման փորձ կատարող մեկին անպայմանաորեն կհակազդի օրենքն իր ողջ ուժով»։

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, Փաշինյանն ասաց, որ հույս ունի, որ իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանությունն ու հատուկ քննչական ծառայությունը պատրաստ են ոչ միայն արձագանքելու իրավիճակին, այլև պրոֆիլակտիկ աշխատանքի միջոցով կանխելու այդ երևույթը․ «Մենք պետք է հասկանանք, որ այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ, և ամենակոշտ հակազդեցությանը կարժանանա ընտրողի կամքի վրա՝ փողով, նյութական այլ միջոցներով ազդելու որևէ փորձ։ Իսկ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում, մենք կապահովենք քաղաքական ուժերի միջև իրապես ազատ մրցակցությունը, պետք է սահմանափակումներ չլինեն դահլիճների հասանելիության առումով, և բոլոր քաղաքական ուժերը պետք է իսկապես ունենան հավասար իրավունքներ ընտրողների հետ հարաբերվելու, շփվելու համար»։

Ինչ վերաբեում է ընտրացուցակներին, վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դրա պատասխանատվությունն առաջին հերթին ոստիկանությունն է կրում․ «Նախորդ ընտրություններից մենք գիտենք մի երևույթ, երբ ընտրողների միգրացիա է տեղի ունենում՝ այսինքն այս ընտրատարածքից մյուս ընտրատարածք, այսպիսի երևույթը պետք է իսպառ  բացառել։ Մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ և ես որևէ կասկած չունեմ, որ հենց այդպես էլ տեղի կունենա»։

  • 87
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 6
  •  
  •  
  •  
    94
    Shares

Related Articles