Ինչ կլինի, եթե մենք հենց վաղը վերացնենք Կարմիր գծերն ու արագաչափերը, ինչ կկատարվի ճանապարհային երթևեկության անվտանգության հետ: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խորհրդարանում Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, հարցրեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը:
Քոչարյանը զերծ մնաց Կարմիր գծերի մասով հարցին պատասխանելուց, քանի որ այդ մասով ոստիկանությունը հատուկ վերլուծություններ չի արել և հարցը տնօրինվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
Ինչ վերաբերում է արագաչափերին, փոխոստիկանապետը հայտարարեց, որ արագաչափերի կիրառումը և ընդհանրապես տեսախցիկների տեղադրումը կրճատել է մահերի թիվը 11 տոկոսով: Եթե այսօր տարեկան միջինը կա 300 մահ, արագաչափերի բացակայության պայմաններում 11 տոկոսով ավել կլիներ: Քոչարյանը հայտարարեց, որ դա հստակ եզրահանգում է, վերլուծության արդյունքները մի քանի անգամ հաստատվել են։
Փոխոստիկանապետը նաև խոսեց Հայաստանում հայտնի փոփոխություններից հետո ոստիկանության որդեգրած ավելի մեղմ քաղաքականության մասին` հայտարարելով, որ գրանցված արդյունքները հանգիստ մնալու առիթ չեն տալիս. մեղմացումը բերել է որոշակի դժգոհությունների, հասկանալի է դարձել, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ են տեղի ունենում, իսկ արագաչափերի գոյությունը զսպող դերակատարում ունի: