Հասարակություն 

ՀՀ Դատախազությունը «օրենքով գող» Մերաբ Քալաշովին Ֆրանսիային հանձնելու որոշում է կայացրել

ՀՀ գլխավոր դատախազը որոշում է կայացրել «օրենքով գող» Մերաբ Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով Ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնումը թույլատրել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:

Գործակալության հարցմանն ի պատասխան, այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նկատի ունենալով այն, որ Մերաբ Քալաշովը հետախուզվում է Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, և առկա է նրա հանձնման մասին ՖՀ իրավասու մարմնի միջնորդությունը, դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝  Քալաշովին հանձնման նպատակով կալանավորելու մասին:

Դատարանի  որոշմամբ միջնորդությունը բավարարվել է: Վերջինիս նկատմամբ կիրառվել է հանձնման նպատակով կալանավորում՝ 2 ամիս ժամկետով: ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել Քալաշովի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ՖՀ իրավասու մարմիններին հանձնումը թույլատրելու վերաբերյալ»,- նշել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն ավելի վաղ նոյեմբերի 6-ին Նուբարաշենից ոստիկանություն բերման են ենթարկել նախկինում դատապարտված, քաղաքացիություն չունեցող, Ֆրանսիայի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 1975 թվականի ծնված «օրենքով գող» Մերաբ Քալաշովին։ Նա Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից 2015 թվականից հետախուզվում էր Ֆրանսիայի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով (չարագործների խմբավորման համար հանցագործություն նախապատրաստելը, կազմակերպված խմբավորման կողմից գողացված իրերը թաքցնելը, փողերի լվացում)։

  • 94
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    94
    Shares

Related Articles