Ճիշտ կլինի, եթե Հանրապետականը լինի խորհրդարանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը` հավելելով, որ կուսակցության ներկայացրած ցուցակում քաղաքական դեմքերը շատ են, կամ միայն քաղաքական դեմքեր են, ովքեր ունեն անցած ճանապարհ և ասելիք:
Ինչ վերաբերում է Հանրապետականի կողմից որևէ լծակ կիրառելուն, տիկին Եսայանն ասաց` պետք չէ մոռանալ, որ ՀՀԿ-ն արդեն 7-8 ամիս իշխանություն չէ, ոչ մի լծակ Հանրապետականը չունի. «Ինչ վերաբերում է նախկին մարզպետներին, ովքեր կան մեր ցուցակում, ապա դա խոսում է նրա մասին, որ նրանք հավատարիմ են կուսակցությանը»:
Տիկին Եսայանը կասկածներ չունի, որ Իմ քայլը դաշինքը մեծամասնություն է լինելու խորհրդարանում և Նիկոլ Փաշինյանն ընտրվելու է վարչապետ:
Անդրադառնալով Հանրապետականի ցուցակին և մասնավորապես ցուցակում օրինակ Արտաշես Գեղամյանի ներկայությանը, ՀՀԿ-ական պատգամավորը նախ ասաց, որ ցուցակն ինքը չի կազմել, ապա կարծիք հայտնեց, որ գնահատվել է այդ մարդկանց անցած ճանապարհը, նրանք մարդիկ են, ովքեր ասելիք ու անելիք ունեն:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև հայտարարեց, որ այսօր Հանրապետականի դեմքն ինքն է և կարևոր չէ, թե ցուցակի որ հորիզոնականում է գտնվում: