Հայաստան Քաղաքական 

Հանրապետական կուսակցությունից նոր ենք պրծել կամ նոր ենք պրծնում. Էդմոն Մարուքյան

Ես ինձ համարում եմ դաշտային քաղաքական գործիչ, բայց պետք է ասեմ հետևյալը` ընդդիմությունը յուրաքանչյուր համակարգում ապագա իշխանությունն է, իսկ ՀՀ քաղաքացիները Հանրապետականին չեն տեսնում որպես ապագա իշխանություն: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր, ԼՀԿ նախագահ, կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանը` պատասխանելով հանրապետականների հայտարարություններին, որ իրենք միակ իրական ընդդիմությունն են:

«Հանրապետական կուսակցությունից նոր ենք պրծել կամ նոր ենք պրծնում, ոնց կարող ենք մենք` ՀՀ քաղաքացիներս, ուզենանք, որ Հանրապետական կուսակցությունը լինի ապագա իշխանություն: Չի կարող նման ճանապարհ անցած քաղաքական միավորը հավակնի դառնալ իշխանություն»,-նշեց Մարուքյանը` հավելելով, որ իրենց կուսակցությունը կսկսի ընդդիմախոս լինել այն ժամանակ, երբ կհայտնվեն խորհրդարանում և կհայտարարվեն որպես ընդդիմություն, իսկ մինչ այս աջակցություն են ցուցաբերել ճգնաժամային կառավարությանը:

Մարուքյանի խոսքերով, քարոզարշավի ժամանակ հնարավորինս քիչ են խոսելու Հանրապետականի և մյուսների մասին, ներկայացնելու են իրենց ծրագրերը և տեսլականները:

ԼՀԿ նախագահը նշեց, որ խորհրդարանում հայտնվելու խնդիր չունեն, հարցը վերաբերում է երկրորդ տեղում հայտնվելուն:

Ինչ վերաբերում է ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, սա Մարուքյանի սրտով է, քանի որ նրա կարծիքով չէր կարող մեկ տարի լինել ճգնաժամային կառավարություն, պետք է քաղաքական դաշտում ամեն ինչ պարզվի, պետք է դուրս գալ ճգնաժամային իրավիճակից:

Նույն շարքից